«Անդրանիկ Քոչարյանին ի՞նչ ասեմ, նրան Գյումրիում լավ են ճանաչում, եթե բան ուներ ասելու, թող ասեր այն ժամանակ, երբ հարգալից բարևում էր». Միքայել սրբազան
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը և Արթուր Հովհաննիսյանն անդրադարձան լրագրողի հարցին՝ պատրաստվո՞ւմ են ապաշխարել, քանի որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանն ասել է, որ ՔՊ-ն կարող է մնալ իշխանության ու ապաշխարել։
Անդրանիկ Քոչարյանն ասաց, թե աղոթքներին ներծծված լինելու մասին դժվար թե կարողանան պատասխանել, այնուհետև հավելեց.
«Երևի դուք կիմանաք, թե ինչ բան է աղոթքներին ներծծված լինելը։ Նախ պետք է հասկանանք՝ պարոն Աջապահյանը և էլի որոշ հոգևորականներ պատրա՞ստ են ապաշխարելու, իրենց ապաշխարումից հետո նոր կարող ենք խոսել այլ ապաշխարման գործընթացներ ձևավորելու մասին։ Բայց ես կուզեմ լսել հենց իրենց ապաշխարության մասին, Աջապահյանի, Գալստանյանի, և, այսպես շարունակ, բավականին կան։ Բայց սրբազանների համակարգում կան նաև շատ արժեքավոր հոգևորականներ, որոնք, իմ կարծիքով՝ ապաշխարելու խնդիր չունեն։ Նրանք այդ թեմայով չեն խոսում, խոսում են նրանք, որոնք ապաշխարելու կարիք ունեն»։
168.am-ը Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից հետաքրքրվեց, թե ինչ մեղք է գործել, որ Անդրանիկ Քոչարյանը խորհուրդ է տալիս ապաշխարել։
Միքայել սրբազանը նախ պատասխանեց, որ, ի տարբերություն ՔՊ-ականների, ինքն ամեն օր ապաշխարում է։
«Եթե իրենք ուզում են կոնկրետ որևէ մեղք ցույց տան՝ թող տան, գնամ այդ մեղքի համար ապաշխարեմ։
Ես ամեն օր եմ ապաշխարում, ի տարբերություն իրենց, ես ամեն օր մեղանչում եմ։ «Մեղանչել» բառը նշանակում է մեղք գործել, այլ ոչ թե զղջալ։ Շատերը «մեղանչել» բառն օգտագործում են զղջալ իմաստով, բայց սխալ է, ուրեմն՝ ես ամեն օր մեղանչում եմ և ամեն օր ապաշխարում եմ։ Ես իրենց նման սուրբ չեմ, բնականաբար, իրենք «սուրբ» են։ Իրենց ասածով չէ, որ ամեն օր ապաշխարում եմ, բայց ապաշխարում եմ»,- նշեց Միքայել սրբազանը։
Շիրակի թեմի առաջնորդն ասաց, որ ՔՊ-ական երիտասարդին՝ Արթուր Հովհաննիսյանին, առհասարակ չի ճանաչում, իսկ Անդրանիկ Քոչարյանի դեպքում կարող է ուղղակի զարմանալ, թեպետ, ըստ նրա՝ ՔՊ-ականներից որևէ մեկի արածի վրա չպետք է զարմանալ, քանի որ անսկզբունք մարդիկ են։
«Անդրանիկ Քոչարյանին ի՞նչ ասեմ, նրան Գյումրիում լավ են ճանաչում։ Եկեք Գյումրի, փողոցում ցանկացած մեկից հարցրեք՝ ո՞վ է Անդրանիկ Քոչարյանը, իրենք ձեզ կասեն։
Իսկ եթե Անդրանիկ Քոչարյանն ինձ բան ուներ ասելու, թող այն ժամանակ ասեր, երբ ինձ հարգալից բարևում էր, հիմա հեռվից հեռու ի՞նչ է ասում»,- եզրափակեց Միքայել սրբազանը։