Վարչապետի հիշատակած «քաղաքների անվտանգության ինդեքսի» տվյալներն արժանահավատ չեն. civilnet.am

civilnet.am-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կրկին հղում է արել NUMBEO ինդեքսին՝ նշելով, որ Երևանն ու Հայաստանը աշխարհի ամենաապահով քաղաքներից ու երկրներից են։

#CivilNetCheck-ը բազմիցս անդրադարձել է NUMBEO-ում հրապարակված տվյալներին՝ ցույց տալով, որ դրանք արժանահավատ չեն։

Ինչո՞ւ NUMBEO-ի տվյալներն արժանահավատ չեն

NUMBEO-ի տվյալները կազմվում են կայքի այցելուների գնահատականների հիման վրա, ինչը հստակ նշված է կայքում։ Նշվում է նաև, որ տվյալները ավելի հարմար են նույն երկրի քաղաքների միջև հանցագործությունների համեմատության համար, բայց կարող են անհամապատասխան լինել տարբեր երկրների միջև։ Պատճառն այն է, որ որոշ երկրներում մարդիկ ավելի հակված են հաղորդել հանցագործությունների մասին, քան մյուսներում։

Ցանկացած օգտատեր կարող է մասնակցել հարցումներին՝ ազդելով վիճակագրության վրա։ Երևանի անվտանգության վերաբերյալ վերջին տվյալները հիմնված են 254 օգտատիրոջ գնահատականի հիման վրա։


Էկրանապատկերը՝ numbeo.com կայքից

Նիկոլ Փաշինյանն իր ելույթի ժամանակ հստակ ժամանակաշրջան չի նշում, սակայն 2023 թվականի տվյալներով՝ Երևանը աշխարհի ամենաանվտանգ քաղաքների շարքում զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը, իսկ Հայաստանը երկրների շարքում եղել է 7-րդը։ Արդեն 2024 թվականին Երևանը զբաղեցրել է 15-րդ, Հայաստանը՝ 8-րդ տեղը։

Էկրանապատկերը՝ Numbeo.com-ից

NUMBEO-ն պարբերաբար հիշատակվում է պետական գերատեսչությունների կողմից
Սա առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանը և պետական տարբեր գերատեսչություններ հղում են անում NUMBEO-ի՝ երկրի և քաղաքների անվտանգության վարկանիշներին:

Այսպես, Նիկոլ Փաշինյանը 2023-ի հուլիսի 31-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյի իր ելույթում պնդել էր, թե Երևանը քաղաքների անվտանգության ինդեքսում զբաղեցնում է 14-րդ տեղը աշխարհում։

#CivilNetCheck-ը ժամանակին անդրադարձել էր վարչապետի այս պնդմանը։


Ավելի վաղ՝ 2023-ի հունվարին, Էկոնոմիկայի նախարարությունը, դարձյալ հիմնվելով NUMBEO-ի տվյալների վրա, նախարարության ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ նշելով, որ Հայաստանը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշային ցանկում։
2024-ի հունվարին Ներքին գործերի նախարարությունը վարչապետին ներկայացրած 2023-ի գործունեության պաշտոնական հաշվետվությունում և սոցցանցերում տարածած հաղորդագրությունում որպես անվտանգության ցուցանիշ ներկայացրել էր NUMBEO կայքի տվյալները՝ նշելով, որ Հայաստանն աշխարհի 7-րդ, իսկ Երևանը 19-րդ ամենաանվտանգ վայրերն են:

#CivilNetCheck-ը նաև այս դեպքին է անդրադարձել:

Փաստացի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հիշատակած NUMBEO կայքի տվյալները հաշվարկվում են սիրողական մեթոդաբանությամբ՝ օգտատերերի գնահատականների հիման վրա:

Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ի ԱԺ նիստում մեկ այլ սխալ հայտարարություն է արել՝ ակնարկելով, թե ԱՄՆ-ը ուշ է վերադարձրել իր գերիներին Վիետնամի պատերազմից հետո: #CivilNetCheck-ը ստուգել է այս պնդումը և պարզել, որ այն չի համապատասխանում իրականությանը»:

Տեսանյութեր

Լրահոս