Վրաց ժողովուրդը պետք է ճշտի իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը. Քարփենթեր

Վրաց ժողովուրդը պետք է որոշի, թե ինչ աշխարհաքաղաքական կողմնորոշում է նախընտրում. այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ օգնական և Սպիտակ տանը ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական տնօրինության ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերը:

Քարփենթերն ասել է՝ վրաց ժողովուրդը հնարավորություն ունի հոկտեմբերին մտնելու քվեախցիկ ու կարծիք հայտնելու։ Ըստ նրա՝ վրաց ժողովուրդը ցանկանում է վերջապես տեսնել իր երկիրը եվրատլանտյան հանրույթում:

Նրա խոսքով, Վաշինգտոնը կարող է միայն քննադատել այն քայլերը, որոնք վերջերս արվել են (Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից — հեղ.), քանի որ, ըստ Քարփենթերի, իշխող թիմը դեմ է Վրաստանի եվրատլանտյան հետագծին։

«Ուզում եմ հասկացնել, որ մենք այն դիրքում չենք, որ դասախոսենք այլ երկրների, թե ինչ պետք է անեն կամ ինչ չպետք է անեն: Աշխարհի շատ երկրներ ընթանում են այն հետագծով, որով ցանկանում են: Այնուամենայնիվ, եթե որևէ երկիր ցանկանում է լինել եվրատլանտյան համայնքում, ինչը նշանակում է անդամակցություն ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին, ապա կան նախադրյալներ, որոնք պետք է բավարարեն այդ երկու կառույցին անդամակցելու համար ժողովրդավարական չափանիշներին»,- ասել է Քարփենթերը:

Հիշեցնենք. 2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ:

Տեսանյութեր

Լրահոս