Ադրբեջանում ամենափնթի տաքսիստից մինչև հարսանքավորներ ծաղրում են Փաշինյանին. Նաիրա Կարապետյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանն այն կարծիքին է, որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերը և տոկոսները թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանությունների կողմից պարբերաբար մատնանշելը վկայում է այն մասին, որ տեղի ունեցողը քաղաքական բլեֆ է:
«Դիվանագիտական և քաղաքագիտական հարթակներում փաստաթղթի աշխատանքի պրոցեսն այսքան մանրամասն չի ներկայացվում: Աշխատանքն արվում է լուռ, անդրկուլիսյան: Բնականաբար, այնպիսի փաստաթուղթը, ինչպիսին իրենից պետք է որ ներկայացնի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերսկսումը, որովհետև դա հենց այդ փաստաթուղթն է և որևէ կերպով խաղաղության պայմանագիր չէ, պետք է լինի երկու երկրների կողմից՝ տարբեր կետերի ներկայացմամբ: Այստեղ խնդիրն այն է, որ Հայաստանը ներկայացնող կողմը հազիվ թե կարողանա պահանջներ ներկայացնել այն իշխանությանը, որն իրեն հաղթել է: Փաշինյանն ու իր իշխանությունը չեն այն ճիշտ ներկայացուցիչները, ովքեր կարող են մեզ համար շահեկան փաստաթուղթ ունենալ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով՝ Ադրբեջանին ձեռնտու չէ ունենալ խաղաղության պայմանագիր, որովհետև այսպես թե այնպես ստանում է ամեն ինչ, ինչ ցանկանում է՝ հենց Նիկոլ Փաշինյանից:
«Ադրբեջանը հստակ նշել է, որ որևէ փաստաթղթի ստորագրման մասին չի կարող խոսք լինել, քանի Հայաստանը չի կատարել սահմանադրական փոփոխություններ: Այս իշխանություններին օդ ու ջրի պես պետք է գալու 2026թ. ունենալ ստորագրված փաստաթուղթ, դա կլինի միջանկյալ, վերջնական, թե ինչ, նա կարծում է, որ ունենալով այդպիսի «հզոր» խաղաքարտ, ինչպիսին խաղաղության պայմանագիր կոչվածն է, նա կկարողանա վերընտրվել»,- ընդգծեց նա:
Դիտարկմանը՝ իշխանությունները ծաղրում են ընդդիմությանը՝ ասելով, թե ամեն աշուն և գարուն ասում են՝ իշխանափոխություն է լինելու, բայց այն այդպես էլ տեղի չի ունենում, նա այսպես արձագանքեց. «Փաշինյանն ամենավերջին մարդն է, որ կարող է ծաղրել ընդդիմությանը. Ադրբեջանում ամենափնթի տաքսիստից մինչև հարսանիքների ժամանակ դհոլի վրա Փաշինյանի նկարով հենց Փաշինյանին են ծաղրում: Ընդդիմությունը ներկայացված է բավականին լուրջ կազմով, իսկ թե ինչու չի գնում կտրուկ քայլերի, ապա մենք տեսանք՝ ինչ կատարվեց հունիսի 12-ին, ինչ կիրառվեց ցուցարարների հանդեպ, այսինքն՝ իշխանությանը որևէ բան չի կանգնեցնում ժողովրդի հանդեպ բռնություն կիրառել: Ես չեմ կարծում, որ իշխանությունը կարողանալու է որևէ կտրուկ գործողության ժամանակ զսպել իր գայթակղությունը և, օրինակ՝ տանկեր չհանել ժողովրդի դեմ: Ժողովրդին սպանդի տանելն այս ընդդիմության նպատակը չէ»:
Այնուամենայնիվ, Նաիրա Կարապետյանը վստահ է՝ Փաշինյանի իշխանությունը մինչև 2026թ. չի դիմանա. «Հայաստանը զրոյացնելու, Հայաստանի կշիռը տարածաշրջանում բացարձակ ոչնչացնելու այս օրակարգին կկարողանանք դիմակայել և կանգնեցնել թափանիվը: Ես ցավում եմ, որ մեր երկիրը հայտնվել է հարյուրամյա պատմության կրկնության անիվում, բայց մենք կրկին եկանք հասանք նրան, որ մեզ կիսում են՝ առանց մեզ հարցնելու այդ մասին, սա ողբերգություն է, սա Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջին 6 տարիների ապաշնորհ քաղաքականության արդյունքն է»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում