Ղազախստանը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման մասին
Ղազախստանը հետևում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, իսկ դրանց խախտման դեպքերը եզակի են և անմիջապես կասեցվում են, չորեքշաբթի հայտարարել է հանրապետության փոխվարչապետ և ազգային էկոնոմիկայի նախարար Նուրլան Բայբազարովը, գրում է The Moscow Times-ը։
«Երբ մենք տեսնում ենք կասկածելի գործարքներ, անմիջապես գործում ենք․ փակում ենք հաշիվները, ուղարկում ենք ստուգելու»,- ասել է Բայբազարովը։
Ըստ պաշտոնյայի, պատժամիջոցների ռեժիմի խախտման մեջ բացահայտվել է ղազախական միայն երկու ընկերություն, որոնք իրենց գործունեության բնույթով ժամանակավոր ընկերություններ են։ «Դրանք ժամանակավոր ընկերություններ են, ստեղծվել են որոշակի տեսակի ապրանքների առքուվաճառքի համար։ Այսինքն՝ բացել են, գործողություններ իրականացրել, հետո փակել։ Այս ընթացքում նրանք, իհարկե, հայտնվել են ֆինանսական հետախուզության ուշադրության կենտրոնում, և որոշվել է նրանց ներառել պատժամիջոցների ցանկում»,- ասել է Բայբազարովը։
Ղազախստանը դարձել է Ռուսաստանի Դաշնություն ապրանքների ներմուծման հիմնական հանգույցն այն բանից հետո, երբ արևմտյան ընկերությունները լքեցին Ռուսաստանի շուկան, և բանկային պատժամիջոցները սահմանափակեցին համաշխարհային խոշոր արժույթներով վճարումներ կատարելու հնարավորությունը: Սակայն անցած տարվա ապրիլին Ղազախստանի իշխանությունները խստացրել են հսկողությունը ԵԱՏՄ սահմանով ապրանքների տեղաշարժի վրա, իսկ հոկտեմբերին արգելել են Ռուսաստան 106 տեսակի ապրանքների արտահանումը։