Վրաստանում օտարերկրյա ներդրումների ծավալը մեծացել է
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն՝ 2024 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանում իրականացված ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը, 2023 թվականի եռամսյակի ճշգրտված տվյալների համեմատ, աճել է 10,3 տոկոսով և կազմել 574,3 միլիոն ԱՄՆ դոլար։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ըստ վիճակագրության՝ դրանում 78,6 տոկոս մասնաբաժին ունի վերաներդրումը։
Վիճակագրական ծառայությունից հայտնել են, որ աճը պայմանավորված է ուղղակի օտարերկրյա ներդրումների երկու բաղադրիչների՝ սեփական կապիտալի և պարտքային պարտավորությունների տեմպերի աճով։
2024 թվականի II եռամսյակում բաժնետիրական կապիտալը կազմել է 101 միլիոն դոլար, որն ընդհանուր օտարերկրյա ուղղակի ներդրումների 17,6 տոկոսն է։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2024 թվականի II եռամսյակում Վրաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների համաձայն՝ ամենամեծ ներդրող երկրներից առաջին տեղում Միացյալ Թագավորությունն է՝ 266,7 միլիոն ԱՄՆ դոլարով, որը կազմում է ընդհանուր օտարերկրյա ուղղակի ներդրումների 46,4 տոկոսը, երկրորդ տեղում Ճապոնիան է՝ 59,2 միլիոն ԱՄՆ դոլարով (10,3 տոկոս), իսկ երրորդ տեղում Մալթան է՝ 37,9 միլիոն ԱՄՆ դոլարով (6,6 տոկոս):
Վիճակագրության համաձայն` երեք խոշորագույն ներդրող երկրների մասնաբաժինը կազմում է ներդրումների ընդհանուր ծավալի 63,3 տոկոսը։
«2024 թվականի երկրորդ եռամսյակում ամենամեծ ուղղակի օտարերկրյա ներդրումները կատարվել են ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում և կազմել 300.1 միլիոն ԱՄՆ դոլար, որն ընդհանուր օտարերկրյա ուղղակի ներդրումների 52,3 տոկոսն է կազմում։ Երկրորդ տեղն զբաղեցնում է առևտրի ոլորտը՝ 79,2 միլիոն ԱՄՆ դոլարով (13,8 տոկոս), իսկ երրորդ տեղում է վերամշակող արդյունաբերության ոլորտը՝ 55,5 միլիոն ԱՄՆ դոլարով (9,7 տոկոս)»,- հայտնել են վիճակագրական ծառայությունից։