
Կոբախիձեն անլուրջ է համարել Վրաստանի դեմ հնարավոր պատժամիջոցները

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անլուրջ է համարում Արևմուտքի կողմից Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր սահմանումը։ Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:«Դա (խմբ.՝ Վրաստանի դեմ պատժամիջոցների հնարավոր սահմանումը) լուրջ չէ», – Կոբախիձեի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Կոբախիձեն ճեպազրույցում նաև հայտարարել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին իրականում Վրաստանի նախագահը չէ այն բանից հետո, երբ խախտեց սահմանադրությունը։
«Նա Վրաստանի նախագահը չէ: Նա ինքն է ճանաչել Սահմանադրական դատարանի լեգիտիմությունը, երբ հայց է ներկայացրել այնտեղ։ Եվ սա այն Սահմանադրական դատարանն է, որը հաստատել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին ոչ լեգիտիմ նախագահ է, որ նա սահմանադրությունը խախտած նախագահ է: Միակ բանը, ինչի շնորհիվ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնապես պահպանում է նախագահի պաշտոնը, դա «Ազգային շարժման» աջակցությունն է», – հայտարարել է Կոբախիձեն ճեպազրույցում:
Վրաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունները վատթարացել են երկրում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո։ Նախագահ Զուրաբիշվիլին հրաժարվել էր ստորագրել օրինագիծը։