Տիգրան Համասյանի հետ կապված միջադեպի գործով դեռևս քրեական հետապնդման ենթարկված անձ չկա․ ՔԿ

Վիրտուոզ դաշնակահար, ջազ երաժիշտ, կոմպոզիտոր Տիգրան Համասյանի մասնակցությամբ միջադեպի մասնակիցները հարցաքննվել են, կատարվել են առաջնային քննչական գործողությունները։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Առաջնային քննչական գործողությունները կատարվել են, միջադեպի մասնակիցները հարցաքննվել են։ Այս պահին դեռևս քրեական վարույթով քրեական հետապնդման ենթարկված անձ չկա։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասաց Աբրահամյանը։

Ավելի վաղ «Հող և ջուր»-2 միջոցառման կազմակերպչական խորհուրդը հայտարարություն էր տարածել համերգային խմբի վրա հարձակման մասին: Ըստ հայտարարության՝«Հող և ջուր»-2 մշակութային միջոցառման նախաձեռնող խումբը օգոստոսի 29-ին նախատեսել էր համերգ-նկարահանում դաշտային պայմաններում՝ Արագածի լանջին:

Առավոտյան տեխնիկասարքավորումներով և դաշնամուրով «Հող և ջուր»-2 միջոցառման խումբը՝ շուրջ 70 հոգի, աշխարհահռչակ ջազային երաժիշտ երգահան և կատարող Տիգրան Համասյանի և Խազեր երգչախմբի հետ շարժվել է Արագածի հյուսիսային լանջին գտնվող Ռապի լիճ համերգային ձայնագրությունը և նկարահանումը կազմակերպելու նպատակով:Ժամը 16-ին մոտ մեկ ավտոմեքենաներով նկարահանման տարածք են եկել միջոցառման հետ կապ չունեցող 3 հոգի, տեղավորվել են լճի հակառակ ափին և հայտնվել նկարահանման կադրում: 

Կազմակերպիչները քաղաքավարությամբ խնդրել են տեղափոխվել քիչ հեռու և չխանգարել նկարահանմանը: Սակայն տեղափոխվելուց հետո ժամը 18-ին խումբը սկսել է աղմկել անմարդկային վայնասուններով: Կազմակերպչական խմբի անդամները նորից խնդրել են չաղմկել, հրավիրել են լուռ մասնակցել համերգի և նկարահանման դիտմանը: Խումբը հրաժարվել է, խոստացել է չաղմկել, սակայն ժամը 19-ից հետո նորից է սկսել աղմկել, դիտավորությամբ գոռգոռալ և սուլել՝ խանգարելով նկարահանումներին և ձայնագրությանը: 19:20-ի հատվածում համերգախմբի հետ լճի մոտ գտնվող հանդիսատեսները գնացել և այդ խմբին բացատրել են իր վարքի անընդունելի լինելը, որից հետո խումբը հեռացել է, սակայն քիչ անց վերադարձել է, դիտել է մասնակիցներին և ավտոմեքենաները, ապա նորից է լքել տարածքը: Համերգի տեսագրումն ավարտվել է 19:45-ին:

10 ավտոմեքենաներից կազմված շարասյան վերադարձի ճանապարհը Գեղաձոր գյուղի և H21 (Արթիկ-Ալագյազ) ճանապարհի խաչմերուկում 3 ավտոմեքենայով փակել է նույն խումբը, խոչընդոտելով տեղաշարժը: Նրանք հարձակվել են առաջին մի քանի ավտոմեքենաների վրա, կոտրել են մեքենաներից մեկի ապակին, որում Տիգրան Համասյանն է եղել, մյուս մեքենայի վարորդի դեմքին մի քանի հարված են հասցրել, վարորդի գլուխը խփել ղեկանվին մի քանի անգամ:

Դեպքի առնչությամբ ՔԿ-ն նախաձեռնել էր քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով։ ՔԿ-ն հայտնել էր, որ վնասվածք ստացած անձանց վերաբերյալ տեղեկություններ չունի, արձանագրված է փաստը, որ մեքենաներից մեկի ապակին է ջարդվել:

Տեսանյութեր

Լրահոս