Հայաստանն ու Վրաստանը կուսումնասիրեն պաշտպանական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։ Այս «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Հանդիպման ընթացքում կարևորել ենք ռազմական կրթության բնագավառում փորձի փոխանակման ուղղությամբ համագործակցության ակտիվացումն ու ընդլայնումը, ինչպես նաև երկուստեք ընդգծել ենք տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղություն հաստատելու կարևորությունը:
Պայմանավորվածություն ենք ձեռք բերել տարբեր խմբերի փոխայցելությունների միջոցով ուսումնասիրել նաև երկկողմ պաշտպանական համագործակցության հետագա ընդլայնման ու նոր ոլորտների ընդգրկման հնարավորությունները:Քննարկել ենք նաև պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք այլ հարցեր»,-գրել է Պապիկյանը: