Պուտինը բաց դասի շրջանակներում դպրոցականների հետ քննարկել է իրավիճակը Կուրսկի մարզում և մի շարք այլ թեմաներ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Տուվայի դպրոցներից մեկում «Զրույց կարևորի մասին» բաց դասի շրջանակներում խոսել է երկրի սահմանային գոտում տիրող իրավիճակի, Ուկրաինայի դեմ ընթացող ռազմական գործողությունների, Ռուսաստանի ապագայի և մի շարք այլ թեմաների շուրջ։
ՌԴ նախագահի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Կուրսկի մարզի վրա նպատակ ուներ կասեցնել Ռուսաստանի զինված ուժերի հարձակումը Դոնբասում։ Սակայն, ըստ Պուտինի, Կիևի գործողությունը ձախողվելու է։
«Մենք, իհարկե, պետք է գործ ունենանք Ռուսաստանի Դաշնության տարածք՝ Կուրսկի մարզ ներխուժած այս ավազակների հետ և, ընդհանուր առմամբ, սահմանային գոտում իրավիճակը ապակայունացնելու փորձերի հետ», – ասել է ՌԴ նախագահը:
Նա հավելել է, որ Մոսկվան երբեք չի հրաժարվել բանակցություններից, և Ռուսաստանի հակառակորդները կարող են բանակցություններ սկսել Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի ձախողումից հետո։Վլադիմիր Պուտինը հավաստիացրել է, որ Ռուսաստանի զինված ուժերը կանեն ամեն բան, որպեսզի Կուրսկի, Բելգորոդի և Բրյանսկի շրջանների դպրոցականների կյանքը վերադառնա բնականոն հուն։
Ինչ վերաբերում է Ուկրաինայի դեմ ընթացող «հատուկ ռազմական գործողությանը», ապա Պուտինն ասել է, որ դրա միջոցով Ռուսաստանը պաշտպանում է իր ապագան, քանի որ չի կարող թույլ տալ, որ Ռուսաստանի հարևանությամբ «ստեղծվեն թշնամական կառույցներ, որոնք ագրեսիվ ծրագրեր են մշակում մեր երկրի դեմ և մշտապես փորձում են ապակայունացնել Ռուսաստանի Դաշնությունը»։
Պուտինի կարծիքով՝ Ուկրաինայի իշխանությունները շահագրգռված չեն ռազմական գործողությունների ավարտով, քանի որ, ըստ նրա, այդ դեպքում ռազմական դրությունը երկրում կավարտվի, և գործող իշխանությունները կպարտվեն ընտրություններում։ Վլադիմիր Պուտինը նաև գովել է ռուսաստանցի զինծառայողների սխրանքները ռազմական գործողությունների ընթացքում։ ՌԴ նախագահը նաև նշել է, որ Ռուսաստանը չի դադարեցնում Արևմուտքի երկրների հետ շփումները՝ չնայած Մոսկվային մեկուսացնելու փորձերին։
Դպրոցականների հետ հանդիպման ժամանակ Պուտինը խոսել է նաև երիտասարդների շրջանում տարածված էլեկտրոնային ծխախոտի վնասի մասին։ Նա նաև ասել է, որ քիչ է քնում՝ սովորաբար մինչև վեց ժամ, սակայն դպրոցականներին խորհուրդ է տվել չհետևել իր օրինակին և քնել առնվազն ութ ժամ։