
Կամչատկայում գտել են Մի-8 ուղղաթիռի վթարի բոլոր զոհերի մարմինները

Կամչատկայում Մի-8Տ ուղղաթիռի կործանման վայրում փրկարարները հայտնաբերել են բոլոր զոհերի մարմինները, որոնողական աշխատանքներն ավարտվել են։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Ուղղաթիռում գտնվում էր 22 մարդ՝ 19 ուղևոր և անձնակազմի 3 անդամ։
Օգոստոսի 31-ին «Վիտյազ-Աերո» ավիաընկերության Մի-8Տ ուղղաթիռը Վաչկաժեց լեռնազանգվածի տեղանքից թռել էր դեպի Ելիզովոյի շրջանի Նիկոլաևկա ավանի հարթակ, սակայն վերելքից գրեթե անմիջապես հետո ուղղաթիռը կորել էր ռադարներից, իսկ նշանակված ժամին անձնակազմը կապի դուրս չէր եկել։
Սեպտեմբերի 1-ին ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդել էր, որ կորած ուղղաթիռի բեկորները հայտնաբերվել են 900 մ բարձրության վրա՝ այն վայրի մոտ, որտեղից վերջին անգամ կապի էր դուրս եկել անձնակազմը։
Օդաչուներն ուղղաթիռի անսարքության մասին չէին հաղորդել։ Ենթադրվում է, որ վատ տեսանելիության պայմաններում ուղղաթիռի անձնակազմը չի նկատել բլուրը և բախվել է դրա լանջին։ Կամչատկայում սեպտեմբերի 3-ը սգո օր է հայտարարվել։