ՄՔԴ-ն չի դիմել Մոնղոլիայի նախագահին Պուտինի այցից առաջ
Տեղեկություններն այն մասին, որ Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) դիմել է Մոնղոլիայի նախագահ Ուխնաագին Խուրելսուխին՝ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի այցի նախաշեմին, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին հատուկ ճեպազրույցում հայտարարել է Մոնղոլիայի նախագահի մամուլի ծառայության ղեկավար Ուլզիբայարին Զոլբայարը։
«Եկեք հերքենք համացանցում տարածվող բազմաթիվ կեղծ տեղեկությունները: Տեղեկությունը, որ ՄՔԴ-ն Մոնղոլիայի նախագահին ուղղված նամակում հայտարարություններ ու կոչեր է փոխանցել՝ կապված սեպտեմբերի 3-ին ՌԴ ղեկավարի՝ մեր երկիր կատարելիք այցի վերաբերյալ, սուտ է և փաստերի խեղաթյուրում, այլ ոչ թե պաշտոնական աղբյուրից ստացված տեղեկատվություն», – պաշտոնյայի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Կրեմլը մտահոգություններ չունի այն առումով, որ Ուլան Բատորը ստորագրել է Հռոմի ստատուտը և Միջազգային քրեական դատարանի անդամ է հանդիսանում։ Ըստ նրա՝ ՌԴ-ն և Մոնղոլիան «հիանալի երկխոսություն» ունեն, և Պուտինի այցի բոլոր ասպեկտները մանրամասն նախապատրաստվել են։ ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Պուտինի այցի ընթացքում Ռուսաստանը և Մոնղոլիան նախատեսում են ստորագրել Ուլան Բատորի ՋԷԿ-3-ի արդիականացման մասին հուշագիր։ Ռուսաստանի նախագահը սեպտեմբերի 3-ին Մոնղոլիայում իր պաշտոնական այցի ընթացքում կմասնակցի Խալխին Գոլ գետի մոտ ԽՍՀՄ-ի և Մոնղոլիայի զինված ուժերի կողմից ճապոնական զորքերի նկատմամբ տարած հաղթանակի 85-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։Հաագայի Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին մեղադրանք է առաջադրել պատերազմական հանցագործության, մասնավորապես՝ ռազմական գործողությունների ժամանակ Ուկրաինայի տարածքից երեխաներին անօրինական կերպով Ռուսաստան տեղափոխելու համար։ Պուտինի հետ ձերբակալության հրաման է տրվել նաև Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային։