Բաժիններ՝

Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են միմյանց հասցրած հարվածների մասին. կան վիրավորներ

Ուկրաինան և Ռուսաստանը հայտարարել են մեկը մյուսի ուղղությամբ արձակած հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մասին. գնդակոծությունների հետևանքով կան վիրավորներ։

Կիևի քաղաքային վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են 10-ից ավելի թևավոր հրթիռ և շուրջ 10 բալիստիկ հրթիռ։

Կիևի քաղաքապետը հայտնել է, որ հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է 2 մարդ։ Հրթիռների բեկորներն ընկել են քաղաքի 4 շրջաններում, որտեղ այրվել են մեքենաներ և վնասվել ոչ բնակելի շենքեր։

Իր հերթին BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ Սումիի մարզային կենտրոնին հասցված հարվածներից 13 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ 4 երեխա։

Ըստ Սումիի ոստիկանության՝ ռուսական ուժերի հարվածներից վնասվել են ուսումնական հաստատություն և առնվազն 5 հինգհարկանի շենք։ Իշխանությունները նաև հայտնել են, որ 3 կառավարվող ավիառումբեր հարվածել են Սումիի արդյունաբերական ձեռնարկություններին, որի հետևանքով դրանցից մեկի աշխատակցուհին վիրավորվել է։

Գնդակոծության է ենթարկվել նաև Խարկովը, որտեղ վնասվել են մասնավոր տուն և քաղաքացիական ենթակառուցվածքի այլ օբյեկտ։ Սեպտեմբերի 1-ին Խարկովը ենթարկվել էր բալիստիկ հրթիռների հարվածների. առնվազն 47 մարդ վիրավորվել է, ավերվել է Սպորտի պալատը և առևտրի կենտրոն։

Ռուսաստանի իշխանություններն իրենց հերթին հայտնել են ուկրաինական հարվածների մասին։ Ըստ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի՝ գնդակոծությունների հետևանքով ավերվել է մանկապարտեզ։ Հարվածների պատճառով Բելգորոդի ամենամեծ բնակելի թաղամասում բոլոր դպրոցներն անցել են հեռավար ուսուցման։ Մանկապարտեզները շաբաթվա ընթացքում փակ կլինեն։

Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՀՕՊ համակարգերը Բելգորոդի մարզի երկնքում խոցել են 1 անօդաչու թռչող սարք, ևս մեկը՝ Սև ծովի երկնքում։ Իսկ ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Ուկրաինայի զինված ուժերը վերջին մեկ օրում 17 անգամ հարվածել են միջազգայնորեն չճանաչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության բնակավայրերին՝ արձակելով 57 միավոր զինամթերք։ Վիրավորվել է 7 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս