Փաշինյանը հրաժարվեց տալ ՀԱՊԿ այն երկրների անունները, որոնք Հայաստանի դեմ պատերազմ են պլանավորել

Այսօր իր հրավիրած ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայստանը բոլոր մակարդակներում սառեցրել է իր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ։

«Այս փուլում մենք այդ որոշումը համարում ենք բավարար, հնարավոր է՝ բանավեճ լինի, մեկն ասի՝ բավարար է, մյուսը՝ անբավարար, մեկը կարող է ասել՝ դա շատ է, մյուսը՝ քիչ։ Բայց այստեղ պետք է նայենք, թե ով ինչ գնահատողական իրավասություն ունի: Հարգում եմ բոլոր տեսակետները, բայց մյուս կողմից՝ մենք կայացրել ենք այն որոշումը, որը կայացրել ենք։ Այս պահին այլ որոշում կայացնելու իմաստ չեմ տեսնում, ինչը չի նշանակում, որ հաջորդ պահին մենք որևէ այլ որոշում կայացնելու անհրաժեշտություն չենք տեսնի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, որ հունիսի 12-ին հայտարարել է, թե ՀԱՊԿ անդամ երկու պետություն Հայաստանի դեմ պատերազմ է պլանավորել, էլ ի՞նչ պետք է անի ՀԱՊԿ-ը, որ Հայաստանը դուրս գա այդ կառույցից, և որո՞նք են այդ պետությունները։

Հարցի երկրորդ հատվածին Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց, չասաց, թե ՀԱՊԿ ո՞ր երկու երկրներն են Հայաստանի դեմ պատերազմ նախապատրաստել։

«Ես ասել եմ այն, ինչ անհրաժեշտ եմ համարել ասել, ամենայն հարգանքով ձեր հարցին։ Նախկինում արած իմ հայտարարությանը որևէ բան ավելացնելու իմաստ չեմ տեսնում»,- շեշտեց նա։

Կարդացեք նաև

Հաջորդ հարցին՝ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ 13 կետերի շուրջ խաղաղության պայմանագիր ստորագրել, որո՞նք են այդ կետերը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ գաղտնի է։

«Ըստ էության այդ հոդվածները կոնֆիդենցիալ աշխատանք է, և այնպես չէ, որ այդ հոդվածների տերը պայմանական միայն մենք ենք։ Առնվազն համասեփականատեր ունեն այդ հոդվածները, այստեղ պետք է զգույշ լինել։ Ես գաղտնիք չունեմ ո՛չ ձեզանից, ո՛չ մեր հանրությունից, բայց այստեղ ունենք կոռեկտություն, որը պետք է պահպանենք։ Որպեսզի շփոթություն չլինի, ասեմ, որ 13 հոդված համաձայնեցված է, ևս երեք հոդվածի զգալի մասը համաձայնեցված է այնքան, որ իրենք կարող են լինել ինքնուրույն հոդված»,- շեշտեց նա։

Իսկ թե հանրությունը դրանց մասին ե՞րբ կիմանա, ստորագրումից հետո՞, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ այո։

«Սակայն սկզբունքների մասին հանրությունն այսօր էլ գիտի, սա շատ կարևոր բան է, սա կարևոր է արձանագրել, որ այդ թղթերում ի բնե այսպես անակնկալներ չեն լինում, որովհետև որքան էլ աշխատանքները գաղտնի են, տարբեր հարցազրույցներում, հայտարարություններում դրվագ առ դրվագ բացվում է։ Տրամաբանական ի՞նչ պետք է այնտեղ գրված լինի… Որ տարածքային պահանջներ միմյանցից չունեն, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, պետք է անդրադարձ լինի հումանիտար հարցերին, եթե այդպիսք առկա են, և այսպես շարունակ…»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե եթե սահմանագծման աշխատանքների կանոնակարգի ստորագրումը տեղի ունեցավ օգոստոսի 30-ին, այդ դեպքում Կիրանցում ինչպե՞ս է իրականացվել սահմանագծումը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ սկզբունքն արձանագրվել է այս տարվա ապրիլի 19-ի փաստաթղթում, արձանագրվել է Ալմա Աթայի հռչակագիրը՝ որպես բազային հիմք։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս