
Հայաստանում սահմանադրական հանրաքվեն նախատեսվում է իրականացնել 2027-ին. Գրիգոր Մինասյան

Այսօր Կառավարության նիստից հետո Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացն իր հունով առաջ է շարժվում։ Պարզապես ամառային շրջանում՝ մոտ 3 ամիս, քննարկումներն այդքան էլ ինտենսիվ չեն եղել, արձակուրդային շրջան է, արձակուրդում են եղել, նաև՝ պատգամավորները։
«Վերջին հանդիպումը եղել է մոտ 20 օր առաջ, որտեղ քննարկել ենք հարցեր, իսկ հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին, քննարկելու ենք մեր Դանիել Իոաննիսյանի ներկայացրած հարցը։ Ժամկետների հետ կապված, այսպես ասած՝ սահմանադրական հանրաքվեն նախատեսված է արդեն նոր պայմանավորվածության արդյունքում՝ 2027 թվականին։ Սա նշանակում է, որ այդ բարդ փաստաթղթի վրա աշխատելու ենք մանրամասն, հանրային քննարկումներով, նաև բոլոր մասնագետների հետ աշխատելով»,- նշեց Գրիգոր Մինասյանը։