Առուշ Առուշանյանը չպետք է լինի քաղաքապետ. Գրիգոր Մինասյան
Լրագրողներն Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանից հետաքրքրվեցին՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ի վերջո ենթակա՞ է կալանավորման, թե՞ ոչ, ինչին ի պատասխան՝ Գրիգոր Մինասյանն ասաց, որ նրա վերաբերյալ հարցը բազմիցս մամուլում քննարկվել է։
«Ունենք վճիռ և, այսպես ասած, երեք հատվածներից մեկի հետ ինքը համաձայնություն չուներ, այն է, որ չպետք է զբաղեցնի համայնքապետի պաշտոնը, տուգանքը վճարել էր, մնացած մասով համաձայն էր։ Ներկայացել է հենց Սյունիքի մարզի Պրոբացիայի ծառայություն, ծանուցել է։ Այնտեղ իրենց իրավաբանները հարցեր են առաջ քաշում, որոնք ես՝ որպես նախարար և Պրոբացիայի ծառայության անունից խոսող մարդ, ասում եմ՝ համաձայն չեմ։ Բայց այստեղ մի կարևոր նրբություն կա՝ մենք ունենք ընթացիկ դատական գործ, դրա համար հատուկ կարծիք չասեմ, սպասենք, սեպտեմբերի 3-4-ին նիստ է լինելու, կտեսնենք»,- շեշտեց նախարարը։
Նա նաև ընդգծեց՝ կա դատարանի հստակ վճիռ, որով հստակ ասվում է, որ Առուշ Առուշանյանը չպետք է լինի քաղաքապետ։
«Այստեղ երկու տարբերակ կա՝ կա՛մ մեր հարգարժան քաղաքապետը հրաժարական է տալիս, կա՛մ ավագանին իմ գնահատմամբ՝ ունի լիազորություն անվստահություն հայտնելու հենց այդ հիմքի վրա։ Հաճելին ի՞նչն է, որ դատարանն է որոշում, թե ինչպես պետք է տեղի ունենա պրոցեսը»,- հավելեց Գ. Մինասյանը։
Լրագրողի հարցին՝ հիմա Առուշ Առուշանյանն իշխանական «գծի մեջ» է, հնարավո՞ր է՝ այս հանգամանքը որոշակի փոփոխություններ առաջացնի, Գրիգոր Մինասյանը պատասխանեց՝ ունի բոլոր ապացույցներն այդ գործով, որ որևէ քաղաքական բաղադրիչ չկա՝ սովորական իրավական գործընթացներ են։
Ինչ վերաբերում է Առուշ Առուշանյանին ազատազրկելուն, նա ասաց, որ այս հարցը կորոշի դատարանը սեպտեմբերին։
Լրագրողի հաջորդ հարցին՝ ի վերջո, հանրությանը որտե՞ղ են ուզում «գցել», Գրիգոր Մինասյանը պատասխանեց՝ հարցը չի հասկանում։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: