Ինձ մեկ է՝ ինքը հեծանի՞վ, թե՞ սամոկատ կքշի. ինձ հուզում է այն, որ Հայաստանն օբյեկտ է. Հայկ Մամիջանյան

«Հաշվի առնելով այն փաստը, որ բոլոր հրապարակումներին հետևում են նաև Արմեն Աշոտյանի հարազատները, հազարավոր մարդիկ, սովորական քաղաքացիներ, նրա հետ աշխատած մարդիկ, ես չէի ցանկանա հուզական այս հարցի հետ կապված որևէ լավատեսություն գեներացնել որևէ մեկի մոտ»,- այս մասին Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ դատարանի բակում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե արդյո՞ք այս գործով Վերաքննիչ դատարանի վերջին որոշումը լավատեսության դուռ է բացում։

Ըստ Հայկ Մամիջանյանի, նույնիսկ, եթե այս պահին Արմեն Աշոտյանին ազատ արձակեն, միևնույն է՝ նա 1 տարի և 2 ամիս ապօրինաբար մնացել է անազատության մեջ՝ իր քաղաքական հայացքների և հայրենասիրության համար։
Խոսելով ՀՀ իշխանությունների կողմից վարվող արտաքին քաղաքականության մասին, Հայկ Մամիջանյանն ընդգծեց.

«Եթե Արցախը Նիկոլ Փաշինյանը չհանձներ, և եթե Հայաստանը վատթարագույն պայմաններում չգտնվեր իր ստրատեգիական դաշնակցի հետ հարաբերություններում, և եթե պատերազմի ժամանակ Հայաստանի հարևան ու բարեկամ Իրանի ու Վրաստանի օդային սահմանը չփակվեր, ապա թքած կունենայի՝ Փաշինյանը հեծանի՞վ է քշում, թե՞ սամոկատ։ Ես չեմ մեկնաբանելու իր հեծանվային վոյաժները»։

Շարունակելով միտքը, ԱԺ պատգամավորը նաև ասաց, որ միջազգային հարաբերություններում Հայաստանը դարձել է օբյեկտ՝ առանց Հայաստանի մասնակցության որոշում են, թե ինչ է տեղի ունենալու Հայաստանի հետ։
«Երբեմն ասում են, որ մեզ հետագայում կտեղեկացնեն, երբեմն դա էլ չեն ասում։ Որևէ մեկը Հայաստանին որևէ իրական գործընթացում չի ներգրավում՝ որպես բանակցային կողմ։ Հայաստանը պահանջներ չի ներկայացնում գերիների վերադարձի հետ կապված, ադրբեջանցիների կողմից ՀՀ գրավված տարածքները լքելու վերաբերյալ։ Այնպես որ, ինձ մեկ է՝ ինքը հեծանի՞վ կքշի, թե՞ սամոկատ»,- եզրափակեց Հայկ Մամիջանյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս