Մոհամմադ Զարիֆի հրաժարականի, իսկ հետո դրա չեղարկման հարցը հնարավոր է դիտարկել երեք հարթության վրա․ Հակոբ Բադալյան
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրում է․
«Իրանի նախկին արտգործնախարար Մոհամմադ Զարիֆը հայտարարել է, որ հետ է վերցնում հրաժարականի դիմումը եւ կմնա Իրանի նոր նախագահ Փեզեշկիանի ռազմավարական հարցերով օգնական կամ փոխնախագահ:
Զարիֆը այդ պաշտոնում նշանակվեց Փեզեշկիանի երդմնակալությունից հետո՝ հուլիսի 31-ին: Հիշեցնեմ, որ 30-ի լույս 31-ի գիշերը Թեհրանում սպանվեց ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Հանիան:
Հուլիսի 31-ին նշանակված Զարիֆը տասն օր անց հայտարարեց իր պաշտոնից հրաժարվելու մասին, ասելով, որ գոհ չէ այդ պաշտոնում իր գործունեությունից եւ կկենտրոնանա համալսարանական գործունեության վրա:
Եվ ահա, դրանից էլ մոտ երկու շաբաթ անց Զարիֆը «փոշմանում» է:
Այս՝ հրաժարականի, իսկ հետո դրա չեղարկման հարցը հնարավոր է դիտարկել երեք հարթության վրա՝ անձնային, ներիշխանական եւ արտաքին քաղաքական:
Հնարավոր է, որ Զարիֆը այսպես ասած չհասկացվածություն է ունեցել Մասուդ Փեզեշկիանի հետ: Նրանք բացի քաղաքական զինակիցներ լինելուց, նաեւ մտերիմ անձնական հարաբերություն ունեն: Իհարկե դժվար է այդ պարագայում պատկերացնել, որ կարող էր լինել ներանձնային «չհասկացվածություն», բայց ըստ էության ոչինչ բացառված չէ, առավել եւս իշխանություն-քաղաքականություն տիրույթում, որտեղ մանրուքներ ըստ էության չկան եւ շատ հարցեր կարող են բրեկամներին դարձնել թշնամիներ:
Հնարավոր է ներիշխանական հանգամանքը, երբ Զարիֆի ներգրավումը առաջացրել է պահպանողական թեւի սուր դժգոհություն եւ ինչ որ պահի հանգուցալուծում է դիտվել նրա հրաժարականը: Առավել եւս, եթե նկատենք, որ դա փաստորեն ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունից հետո թե ներքին, թե արտաքին առումով շատ լարված շրջանն էր:
Եվ մյուսը՝ արտաքին ասպեկտը, որ հենց այդ համատեքստում էլ հնարավոր է Զարիֆի «վերադարձը« Իրան-ԱՄՆ բանակցության արդյունք է: Ի վերջո, Զարիֆը Իրանի այսպես ասած քաղաքական վերնախավի այն ներկայացուցիչներից է, որոնք համարվում են ընդգծված «արեւմտամետ»: Այդ դեպքում իհարկե հարց կառաջանա, թե ի՞նչ է ստացել Իրանը Զարիֆին «վերադարձնելու» դիմաց, եթե իհարկե համարենք, որ գործ ունենք «վերադարձի» այդ վարկածի, այլ ոչ թե զուտ ներիշխանական հարաբերությունների հանգամանքի հետ»: