Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ երկրի խորհրդարանը կարող է միակուսակցական դառնալ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ եթե հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն ստանա, ապա դատական գործընթաց կսկսի նախկին իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության արգելման համար. այդ ժամանակ ինքնաբերաբար հարց կբարձրանա այս կուսակցության ստացած պատգամավորական մանդատները չեղյալ հայտարարելու վերաբերյալ։
«Ընտրությունների ժամանակ «Միասնական ազգային շարժում» կուսակցության ստացած պատգամավորական մանդատները չեղյալ հայտարարելու որոշումը պետք է կայացնի Վրաստանի Սահմանադրական դատարանը: Միանգամայն տրամաբանական է, որ եթե կուսակցությունն արգելվի, նրա ներկայացուցիչները չեն կարող գտնվել խորհրդարանում»,- ըստ «Ինտերֆաքսի»՝ ասել է Կոբախիձեն։
Պատասխանելով այն հարցին, թե որքանով ժողովրդավարական կլինի միակուսակցական խորհրդարանի ստեղծումը, Կոբախիձեն օրինակ է բերել Մոլդովայի խորհրդարանը, որը միակուսակցական է, սակայն արևմտյան երկրներից ժողովրդավարության խախտման մեղադրանքներ չեն հնչել։
«Խորհրդարանը կմնա ժողովրդավարական, որտեղ իշխող կուսակցությունը կընտրվի սահմանադրական մեծամասնությամբ, և դա սկզբունքորեն կարևոր է։ Մոլդովայի խորհրդարանն այսօր գործնականում միակուսակցական է, բայց ոչ ոք դրա մասին չի խոսում, դա միայն ողջունվում է։ Նույնը կլինի նաև Վրաստանում:
«Միասնական ազգային շարժման» արգելումը շատ կարևոր պայման է, որպեսզի Վրաստանը անխոչընդոտ շարունակի իր ուղին դեպի Եվրամիություն»,- ասել է Կոբախիձեն։
Ավելի վաղ «Վրացական երազանքն» իր հայտարարության մեջ խոստացել էր, որ հոկտեմբերին կայանալիք ընտրություններից և դրանցում սահմանադրական մեծամասնությամբ հաղթանակ տանելուց հետո դատական գործընթաց կսկսվի «Միասնական ազգային շարժում» կուսակցության արգելման համար. դրա հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլին գտնվում է բանտարկության մեջ։