
Զելենսկին Փարաջանովին հետմահու պարգևատրեց «Ուկրաինայի ազգային լեգենդ» մրցանակով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Ուկրաինայի անկախության օրվան ընդառաջ, այսօր հետմահու «Ուկրաինայի ազգային լեգենդ» մրցանակ է շնորհել նաև անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին։
Ուրաինայի նախագահականը նշում է, որ Փարաջանովնն ուկրաինահայ կինոռեժիսոր և սցենարիստ էր, ով ստեղծել է մոտ 20 գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր։ Նրա «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմն արժանացել է 39 միջազգային մրցանակների և 28 մրցանակների՝ համաշխարհային կինոփառատոներում։
«Սա հարգանք է։ Սա պատիվ է, արժանապատվություն է։ Ահա թե ինչպես է Ուկրաինայի պետությունը շնորհակալություն հայտնում իր ժողովրդին, իր հերոսներին, իր լեգենդներին, գնահատանքի արժանի մարդկանց։ Նրանք, ովքեր, ցավոք, այլևս մեզ հետ չեն։ Մենք պետք է հիշենք մեզ ոգեշնչող բոլոր լեգենդներին, աշխարհի կողմից ծափահարված լեգենդներին: Եվ ես կցանկանայի, որ մենք բոլորս հիմա ծափահարենք մեր ուկրաինացի լեգենդներին»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։
2024-ի հունվարի 9-ին լրացավ Փարաջանովի ծննդյան 100-ամյակը։
Ուկրաինայի նախագահն «Ուկրաինայի ազգային լեգենդ» մրցանակն այսօր շնորհել է 11 անվանի անձանց, այդ թվում՝ Ուկրաինայի ժողովրդական արտիստ և Ուկրաինայի հերոս Նինա Մատվիենկոյին (հետմահու), սուսերամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի վեցակի չեմպիոն և Եվրոպայի ութակի չեմպիոն Օլգա Խարլանին, ուկրաինացի բռնցքամարտիկ, օլիմպիական չեմպիոն և ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Օլեքսանդր Ուսյուկին։
Ուկրաինայի նախագահը 2021 թվականից «Ուկրաինայի ազգային լեգենդ» մրցանակը շնորհում է այն անձանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Ուկրաինայի անկախության կայացման, պետության պաշտպանության և ազգային տնտեսության, ինչպես նաև գիտության, կրթության, մշակույթի, սպորտի զարգացման գործում։