
Իսրայելը կրկնապատկել է Արևմտյան ափին պաղեստինցիների տները քանդելու տեմպերը. ՄԱԿ

Իսրայելի իշխանությունները 2023 թ. հոկտեմբերից ի վեր պաղեստինցիների կրկնակի ավելի շատ բնակելի տներ և այլ շինություններ են քանդել Հորդանան գետի Արևմտյան ափին, քան 2022-2023 թվականների այդ նույն ժամանակաշրջանում։ Այս մասին նշված է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության զեկույցում։
Զեկույցի համաձայն՝ 2023 թ. հոկտեմբերի 7-ից ի վեր գրանցվել է պաղեստինցիներին պատկանող շենքերի ոչնչացման, բռնագրավման կամ հարկադիր քանդման ավելի քան 1400 դեպք։ Դրանց թվում է ավելի քան 500 բնակելի շենք, ավելի քան 300 գյուղատնտեսական նշանակության շինություն, ավելի քան 100 սանիտարահիգիենիկ և 200 տնտեսական նշանակության շինություն:
Դա հանգեցրել է նրան, որ ավելի քան 3200 բնակիչ, այդ թվում՝ 1400 երեխա, տեղահանվել են։ Մինչև հոկտեմբերի 7-ն ընկած նույն ժամանակահատվածում տեղահանված պաղեստինցիների թիվը 1299 էր, այդ թվում՝ 606 երեխա։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում սրվել է 2023 թ. հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներթափանցումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250-ը՝ գերեվարվել։
Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 40 200-ը։ Անկլավի 2,3 միլիոն բնակիչներից գրեթե բոլորը տեղահանվել են իրենց տներից։