Իրանում հերքել են ԶԼՄ-ների պնդումները Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառի վերաբերյալ
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է լրատվամիջոցներում տեղ գտած պնդումները նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։
Իրանական Fars գործակալությունը, վկայակոչելով անվտանգության ուժերի տեղեկացված աղբյուրի, հայտնել էր, որ Ռայիսիի ուղղաթիռում ուղևորների թիվը երկուսով ավելի է եղել թույլատրելի թվից, ուստի այն չի կարողացել անհրաժեշտ բարձրություն հավաքել և մառախուղի առաջացրած ցածր տեսանելիության պայմաններում բախվել է լեռանը։
Արձագանքելով այս հրապարակմանը՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդակցությունների կենտրոնը հայտարարել է, որ «այն, ինչ նշված է հոդվածում, խեղաթյուրված է և կեղծ»։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և նրանց ուղեկցող պատվիրակությանը տեղափոխող ուղղաթիռը կործանվել էր մայիսի 19-ին Վարզական և Ջուլֆա քաղաքների միջև գտնվող Դիզմարի անտառում, երբ Իրանի նախագահը վերադառնում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ամբարտակի բացման միջոցառումից: Ուղղաթիռում գտնվող բոլոր 8 անձինք զոհվել են։