«Լուկաշենկոն Պուտինի խոսափողն է. համարենք, որ դա Պուտինի նախազգուշացումն էր». Վիգեն Հակոբյան
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ ՌԴ բարձրագույն պաշտոնյաների մակարդակով ինտենսիվ այցելությունները Բաքու պայմանավորված են մեծ տարածաշրջանի զարգացումներով՝ Իրանի հետ կապված խնդիրներ, որոնք կարող են առաջանալ Իրան-Իսրայել հնարավոր էսկալացիայի ժամանակ, և այդ պրոցեսներում յուրաքանչյուրի դիրքավորմամբ:
«Յուրաքանչյուրը փորձում է իր քաշին և իր ազդեցությանը համապատասխան՝ ոչ միայն սեփական դիրքավորում ապահովել, այլև որոշակի ծառայություններ մատուցել իր դաշնակիցներին: Ես կարծում եմ, որ թե՛ Շոյգուի, թե՛ Վլադիմիր Պուտինի այցն Ադրբեջան պայմանավորված էր ոչ միայն տարածաշրջանում ՌԴ դիրքերի ճշտմամբ, այլ նաև ՌԴ-ն ինչ-որ չափով փորձում է երաշխավոր լինել Իրանի առջև՝ առնվազն Ադրբեջանի չեզոքության առումով հնարավոր զարգացումների ժամանակ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Նա նկատեց՝ միակ պետությունը, որը դեմ է Սյունիքում Ադրբեջանին «միջանցք» տալուն, Իրանն է. «Իրանը գրեթե բաց տեքստով ասում է, որ՝ եթե նույնիսկ դուք չկռվեք ձեր սահմանի համար, մենք կռվելու ենք, որովհետև դա մեր ընդհանուր սահմանն է: Պարզ է, որ դա ուղղակի իրենց անվտանգային խնդիրն է, և իրենք մինչև վերջ էլ դրա համար պայքարելու են: Պատահական չէ, որ Իրանը՝ լինելով ավանդական քաղաքակրթություն, իրենք այլընտրանքային ճանապարհ առաջարկեցին, Ադրբեջանին և Թուրքիային ասելով, որ եթե նրանց հետաքրքրում է տնտեսական կոմպոնենտը, ապա այնտեղով կարող են անցնել: Փաստացի, Իրանն արտաքին քաղաքականության մեջ հօգուտ Հայաստանի ավելի մեծ աշխատանք է տարել՝ այդ միջանցքի հետ կապված, քան Հայաստանի իշխանությունները: Ժամանակին Էրդողանն ասում էր, որ միջանցքի միակ խոչընդոտն Իրանն է: Իրանը մինչև վերջին փամփուշտն իր դիրքերը պահելու է և պահում է»:
Բելառուսի նախագահ Լուկաշենկոն մասնավորապես վստահություն է հայտնել, որ արտակարգ իրավիճակների դեպքում ԱՊՀ երկրները կդիմեն Մոսկվայի ու Մինսկի օգնությանը, և այստեղ հարց է առաջանում, թե այդ որ երկիրն է երբևէ դիմել Մինսկի օգնությանը, իսկ Հայաստանի ղեկավարության քաղաքականության վերաբերյալ ասել է հետևյալը. «Ո՞ւմ են պետք հայերը, բացի մեզնից։ Ոչ մեկին պետք չեն։ Թող զարգացնեն իրենց տնտեսությունը և սևեռվեն նրա վրա, ինչ ունեն։ Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն։ Վաղը Մակրոնը չի լինի, և բոլորը կմոռանան Հայաստանի մասին»:
Լուկաշենկոյի այս հայտարարությունների վերաբերյալ Վիգեն Հակոբյանը հետևյալն ասաց. «Լուկաշենկոն Պուտինի խոսափողն է: Ինչպես երկրի ներսում երկար ժամանակ Պուինի խոսափողը Ժիրինովսկին էր և ասում էր այն, ինչ Պուտինը հրապարակային խուսափում էր ասել, արտաքին քաղաքական ասպարեզում Պուտինի խոսափողը Լուկաշենկոն է, այսինքն՝ այն, ինչ ասել է Լուկաշենկոն, համարենք, որ Պուտինի տեսակետն է, Պուտինի նախազգուշացումն է»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում