Հայտնի է` ով կվարձակալի ԱՕԿՍ-ի շենքը
Պետական գույքի կառավարման կոմիտեն ամփոփել է Աբովյան 3 հասցեում գտնվող շենքի վարձակալության համար հայտարարված մրցույթի արդյունքները։
Ինչպես հայտնում են կոմիտեից, հաղթող է ճանաչվել «ԶԵԹ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ-ն՝ առաջարկելով 16,200,000 դրամ վարձավճարի չափ։
«Նախագծի շրջանակում երկու տարում նախատեսվում է իրականացնել 1 մլրդ 170 մլն դրամի ներդրում։
Հայտատուի ներկայացրած նախագծի համաձայն՝ տարածքի շահագործման արդյունքում մեկ հարկի տակ է միավորվելու բարձր արվեստը և նորաձևությունը։ Ներդրումային ծրագրի տեսլականն է՝ Երևանը դարձնել նորաձևության համաշխարհային կենտրոններից մեկը՝ ստեղծելով բացառիկ համալիր, որտեղ միաժամանակ կներկայացվեն համաշխարհային և հայկական արվեստի լավագույն նմուշները։
Տարածքում գործելու է ցուցասրահ, զարգացման արվեստանոց, «Red Book» և դասական սրճարաններ։
Մրցույթի հաղթողին որոշելու համար հաշվի է առնվել անշարժ գույքի համար առաջարկվող ամսական վարձավճարը և իրականացվելիք ներդրումների չափը։
Հիշեցնենք՝ տարածքի վարձակալության մեկնարկային արժեքը 15,450,000 դրամ էր։ Ապօրինի գույքի բռնագանձման գործընթացների շրջանակում գույքը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը և ամրացվել Պետական գույքի կառավարման կոմիտեին», – ասված է հաղորդագրության մեջ։