«Մենք դրան պատրաստ չենք, ՊԵԿ-ը թող մի հատ շոշերի հարցը լուծի, որ կարողանանք նորմալ մեքենա քշենք». տաքսի ծառայության սակագները կբարձրանա՞ն
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն տաքսիներով ուղևորափոխադրումների իրականացման վերաբերյալ նոր կարգավորումները։ ՊԵԿ-ը տեղեկացնում է՝ ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և տրամադրում են էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։
Առցանց աշխատող տաքսի ծառայությունները պետք է դրա իրավունքն ունենան։ Ծառայության մատուցման իրավունքը ձեռք բերելու դեպքում սահմանված է տարեկան պետական տուրք՝ տարեկան բազային տուրքի (1000 դրամ) 1000-ապատիկի չափով։
Ուղևորափոխադրումներ իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ արտոնագիր և վճարել պետական տուրք։
Օրենքը խախտելու դեպքում սահմանված են պատասխանատվության միջոցներ։ Ուղևորափոխադրումներն առանց արտոնագրի իրականացնելու, ինչպես նաև պետական տուրքի գումարը սահմանված չափից պակաս հաշվարկելու դեպքերում սահմանված է 500 հազար դրամի չափով տուգանք: Իսկ ուղևորափոխադրումն առանց ՀԴՄ իրականացնելու յուրաքանչյուր դեպքի համար 200 հազար դրամի չափով տուգանք կկիրառվի:
Մինչև սեպտեմբերի 1-ը դեռ երկու շաբաթ կա, տաքսու վարորդները հույս ունեն, որ ՊԵԿ-ը կարող է փոխել այդ որոշումը՝ այն չեղարկելով, քանի որ այդ դեպքում իրենք չեն կարողանալու ծառայություններ մատուցել, որովհետև ՀԴՄ կտրոն տրամադրելը, ըստ նրանց՝ ենթադրում է հավելյալ ծախսեր։
168.am-ը Երևանի Տիգրան Մեծ, Խորենացի փողոցներում զրուցեց տաքսի ծառայություններ մատուցող վարորդների հետ՝ հասկանալու համար՝ ի՞նչ կարծիք ունեն ՊԵԿ-ի որոշման վերաբերյալ։
Մոտ մեկ տասնյակից ավելի վարորդներ հրաժարվեցին խոսել տեսախցիկի առջև, խոսեց միայն մեկ վարորդ։ Տաքսու վարորդների մի մասն էլ դեռևս տեղյակ չի նախագծի մասին, կան նաև այնպիսի վարորդներ, որոնք, ինչպես նշեցին, «չեն հավատում լուրերին, ՊԵԿ-ը նման որոշում չի կայացրել»։
Վարորդներից մեկն ասաց, որ մինչև նման որոշում կայացնելը, նախ թող մայթերի ու փողոցների հարցերը լուծեն, մի նշան տեղադրեն փողոցի այն հատվածում, որտեղ տաքսիներ են կայանում, որպեսզի մարդիկ իմանան, որ կոնկրետ այդ տարածքում տաքսիներ կան։
«Մենք դրան պատրաստ չենք, ՊԵԿ-ը թող մի հատ շոշերի հարցը լուծի, սարքեն, որպեսզի կարողանանք նորմալ մեքենա քշենք, միայն դրանից հետո այդ տուգանքները թող սահմանեն։ Բա էս քաղաքը կարգի չբերե՞ն, էս հատվածում մի հատ տաքսու զնակ դնեն, որ տաքսիները կանգնեն, մարդիկ մեքենայի տակ են ընկնում ամեն օր»,- նշեց տաքսու վարորդներից մեկը։
Երբ նրան հիշեցրինք, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում բողոքել է մայթերից, որ այնտեղ մեքենաներ են կայանում, որոնք պետք է դուրս բերեն ու մայթերը թողնեն քաղաքացիներին, մեր զրուցակիցը հեգնեց.
«Փաշինյանը որ ասում է, ճիշտ է ասում, ինքն ինչ ասում է՝ ճիշտ է։ Ինքը մեր վարչապետն է՝ պա՞րզ է»։
Մեր հարցադրումը վարորդների մի խմբի մոտ էլ վեճ առաջացրեց, քանի որ նրանց մի մասն ասաց, թե «ռադիոյով ու հեռուստատեսությամբ հաղորդվող լուրերը սուտ են, ՊԵԿ-ը նման նախագիծ չի ընդունել», մի մասն էլ պնդում էին՝ «սուտ չէ, անձամբ լսել ու կարդացել ենք»։
Երբ վարորդներից մեկն ասաց, որ եթե այդ որոշումը սկսի գործել, տաքսու վարորդները «պատուհանից Նիկոլ Փաշինյանին շպրտելու են ներքև», քանի որ չեն կարողանալու իրենց «նաֆարին» պահել, ներկա վարորդներից մեկը սկսեց կրկին բանավիճել, որ ոչ մի բան էլ չեն անելու, «խելոք, հանգիստ» իրենց տաքսին կքշեն։
Այս վեճին միացավ ևս մեկ վարորդ, ով կրկին հրաժարվեց խոսել տեսախցիկի առջև, բայց ասաց, որ վերջերս կրկին մի հարցման է մասնակցել, բողոքել է իշխանություններից։
«Տվյալներս ասել էի, մարդամեկը հետևիցս մարդ էր ուղարկել, հիմա եթե տեսախցիկի առաջ խոսեմ, էլի գալու են հետևիցս։
Արթուր Վանեցյանը մարդամեկի համար ասել էր, որ վերելակի մեջ ծրար է վերցրել ու տվել է Նիկոլին, հիմա բա ո՞ւր է Վանեցյանը, տարան, կորցրեցին»,- ասաց տաքսու վարորդը։
Խորենացի փողոցում էլ տաքսու վարորդներից մեկն ասաց, որ ՊԵԿ որոշումը «սրիկայություն է», չեն թողնում իրենց աշխատել։
«Չեն թողնում աշխատենք, ասում են՝ գրանցվեք, տոկոսներ պիտի տաք, ո՞վ է կարողանալու աշխատել, ոչ մեկը»,- նշեց վարորդը։
«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը 168.am-ի հետ զրույցում, խոսելով ՊԵԿ որոշման մասին, ասաց, որ այնպես չէ, որ տաքսու վարորդները պետք է ՀԴՄ սարք ձեռք բերեն ու տեղադրեն իրենց մեքենայի մեջ, սարքն էլեկտրոնային է։
«Անհատ վարորդների համար պետք է լինեն ՊԵԿ-ի կողմից ստեղծված բջջային հավելվածներ, որից նրանք պետք է օգտվեն, իսկ կազմակերպությունները պետք է ունենան իրենց կայքերն ու այդ կայքերի միջոցով իրականացնեն ծառայությունը, այնպես, ինչպես, օրինակ, առցանց առևտուր են իրականացնում։ Տաքսի օպերատորները, որոնք ընկերություններ չեն, այլ իրենց հավելվածի միջոցով են ծառայություն մատուցում, այդ ծառայությունը պետք է ներառեն իրենց հավելվածի մեջ»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Մանրամասնելով, Տիգրան Քեյանն ընդգծեց, որ ՊԵԿ-ի նախագիծը սահմանել է նաև պետական տուրքի դրույքաչափեր, որոնցով յուրաքանչյուր ամսվա ավարտին պետք է լրացուցիչ հարկեր վճարեն վարորդները։
«Այդ հարկերը գուցե ինչ-որ կերպ անդրադառնան այդ տաքսի ծառայութությունների սակագների վրա։ Ըստ տարիների, տուրքերի սակագները տարբեր են, այսպիսով՝ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի հունվարի 1 կանխիկ դրամով վճարումների ընդունման դեպքում պետական տուրքը կկազմի 2 տոկոս, անկանխիկի դեպքում՝ 1,5, ինչը գանձվելու է մատուցված արժեքի ծախսից։
Իսկ 2025 թվականից տուրքը կկազմի 2,5 և 3,5։ 2026 թվականից էլ 5 տոկոս կլինի կանխիկի դեպքում, 4 տոկոս՝ անկանխիկի»,- եզրափակեց Տիգրան Քեյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում