Բաժիններ՝

Լոռու մարզի Դեբեդ գյուղում կկայանա «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնը

Հայաստանի Լոռու մարզի Դեբեդ գյուղում օգոստոսի 24-31-ը կկայանա «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի հոբելյանական 10-րդ միջազգային փառատոնը։

Կցուցադրվի շուրջ 40 ֆիլմ՝ մոտ 20 երկրից, վավերագրական կինոյի ամենատարբեր ժանրերում՝ փորձարարական, մարդաբանական, ազգագրական, անիմացիոն և այլն։ Կարճամետրաժ և լիամետրաժ մրցութային ծրագրերում ընդգրկված է 19 ֆիլմ, որոնց մի մասն արդեն ցուցադրվել է աշխարհի հեղինակավոր կինոփառատոներում՝ Բեռլինում, Վենետիկում, Ռոտերդամում, Ամստերդամում և այլուր, իսկ մի քանիսն իրենց համաշխարհային պրեմիերան կունենան 10-րդ «Ծիրանի ծառ»-ի շրջանակում։

Նշվում է, որ հատուկ արտամրցութային ծրագրերով հարգանքի տուրք կմատուցվի Սերգեյ Փարաջանովին և Շառլ Ազնավուրին՝ նրանց 100-ամյակների կապակցությամբ, իսկ վավերագրական կինոյի հայր, ամերիկացի հանրահայտ ռեժիսոր Ռոբերտ Ֆլաերթիի 140-ամյակի կապակցությամբ կցուցադրվի նրա լեգենդար «Նանուկը Հյուսիսից» կինոնկարը (1922):

Այս տարի փառատոնը կունենա 25-30 տեղացի և արտասահմանցի մասնակից։ Իսկ հաղթողներին կորոշի եռանդամ ժյուրին, որի մեջ այս տարի ներառված են անվանի ֆրանսահայ կինովավերագրող Ժակ Քեբադեանը, որի մի քանի ֆիլմ ևս կցուցադրվի հետահայաց ծրագրի շրջանակում, իրանցի ռեժիսոր Մեհդի Բաղերին և հայ կինոքննադատ Սոնա Կարապողոսյանը։

Ցուցադրությունների մեծ մասը տեղի կունենա Դեբեդ գյուղում՝ «Դեբատուն» հյուրատան այգում և գյուղապետարանի գրադարանի դահլիճում։ Բոլոր ցուցադրությունների մուտքն անվճար է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս