Գյուղատնտեսության ոլորտում այս տարվա առաջին կիսամյակում 4 տոկոս աճ է գրանցվել
«Հայաստանում 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը 4.3 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը»: Այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Հաշվետու ժամանակահատվածում այդ ճյուղերն ընդհանուր առմամբ ապահովել են 311 մլրդ 276.8 մլն դրամի արտադրանք: Ընդ որում, գյուղատնտեսությունը գրանցել է 4 տոկոսի աճ՝ 285 մլրդ 824.9 մլն դրամի արտադրանքով: Բուսաբուծության ոլորտում աճը 10.6 տոկոս է: Այդ ցուցանիշը ներառում է նաև հողի մշակության համար մատուցված ծառայությունների ծավալը՝ բնահողի պատրաստում, ցանք և այլն: Արտադրանքը գնահատվում է 117 մլրդ 585.1 մլն դրամ: Անասնաբուծության ոլորտում աճն աննշան է՝ 0.1 տոկոս: Արտադրանքի ծավալը 168 մլրդ 239.8 մլն դրամի է:
Անտառային տնտեսությունում աճը 7.1 տոկոս է, իսկ արտադրանքը՝ 989.7 մլն դրամի: Ձկնորսության ոլորտում գրանցվել է 7.2 տոկոսի աճ, ապահովվել է 24 մլրդ 462.2 մլն դրամի արտադրանք:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ամենամեծ ծավալն ապահովվել է այս տարվա երկրորդ եռամսյակում՝ 198 մլրդ 550.8 մլն դրամի: Նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ աճը կազմել է 4.1 տոկոս:
Ձկնորսության և ձկնաբուծության համախառն արտադրանքի ծավալը բարձրակետին է եղել առաջին եռամսյակում՝ 15 մլրդ 313.1 մլն դրամի: Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ գրանցվել է 8.4 տոկոսի աճ:
Անտառային տնտեսության համախառն արտադրանքի ծավալն առավել մեծ է եղել երկրորդ եռամսյակում՝ 577.1 մլն դրամի: 2023 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ աճը կազմել է 13.5 տոկոս: