Բաժիններ՝

Հայտնի է՝ որտեղ կտեղադրվի և ինչ տեսք կունենա Երվանդ Մանարյանի արձանը

Հաշվի առնելով, որ Երվանդ Մանարյանի ստեղծագործական գործունեությունը անմիջականորեն կապված է եղել Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի հետ, ինչպես նաև հետագայում թատրոնում իրականացվելու են Ե. Մանարյանին նվիրված հոբելյանական միջոցառումներ` արձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների ձեռքբերումը կկատարվի «Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ի կողմից:

Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նշելով, որ 2024 թվականի օգոստոսի 10–ին, լրանում է ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր Երվանդ Մանարյանի ծննդյան 100–ամյակը։ Այդ կապակցությամբ նախաձեռնվել է մեծանուն արտիստի արձանի պատրաստման գործընթացը։ 2.8 մետր բարձրությամբ արձանը կտեղադրվի Երևանի Սայաթ-Նովա պողոտա 4 հասցեին հարող տարածքում` Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի դիմաց, սալահատակված մայթին:  Բրոնզաձույլ արձանի հեղինակը Հայաստանի նկարիչների միության անդամ, քանդակագործ Արմենակ Վարդանյանն է։

Արձանի տեղադրման վայրը համաձայնեցվել է արտիստի ժառանգների հետ և հաստատվել է Երևանի ավագանու 14.05.2024թ.–ի N 151-Ա որոշմամբ։

Արձանի մտահղացման հիմքում ընկած է Երվանդ Մանարյանին մեծ ճանաչում բերած «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի մի հատվածը: Ֆիլմի հերոսը, երևակայական մոտոցիկլի վրա նստած, սլանում է առաջ՝ ձեռքում պահած իր ներկայացումների կերպարներից «Անհաղթ աքլորը»:

Երվանդ Մանարյանն անգնահատելի ժառանգություն է թողել սերունդներին. նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, հեղինակել բազմաթիվ ֆիլմերի սցենարներ, նկարահանվել ֆիլմերում, հրատարակել  պատմվածքներ և հոդվածներ։  1957-59 թթ. նա եղել է Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը:

Ավելի վաղ ՀՀ կառավարության որոշմամբ ավելի քան 137 մլն դրամ գումար է հատկացվել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի հարդարման, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի արձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար: Միջոցները տրամադրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը` 2024 թվականի պետական բյուջեի հատկացումների վերաբաշխմամբ:

«Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի համար Անրի Վերնոյ 3 հասցեում բարեգործական ծրագրի շրջանակում կառուցվել է նոր շենք, սակայն ներքին հարդարման որոշակի աշխատանքներ չեն կատարվել։ Թատրոնի բնականոն գործունեության համար անհրաժեշտ շենքային և ենթակառուցվածքային բարենպաստ պայմանների ապահովման, ինչպես նաև բարերարի գործն ավարտին հասցնելու, ամբողջականացնելու նպատակով կատարված հատկացումը կկազմի  69.7 մլն  դրամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031