Բաժիններ՝

ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնում հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հիփոթեքային վարկի շրջանակում եկամտային հարկի վերադարձի սահմանափակումների վերաբերյալ

2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձի օրենսդրական փոփոխությունները։

Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից, նշելով, որ Հարկային օրենսգրքով (հոդված 160) սահմանվել է, որ հիփոթե­քային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի վճարած տոկոսների մասով եկամտային հարկը չի վերադարձվում․

– 2027 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի վարչական տարածքներում, բացառությամբ՝ Կառավարության հաստա­տած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի,

– 2029 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է վերը չնշված՝ Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի, մարզերի վար­չական տարածքներում, բացառությամբ՝ Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի։

Օրենքի փոփոխությամբ սահմանվել է նաև, որ ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված և կառուցապատողից, պետութ­յունից կամ համայնքից փաստացի բնակարան ձեռք բերելուն կամ կազմակեր­պութ­յուն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակե­լի տուն ձեռք բերելուն կամ կառուցելուն փաստացի ուղղված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով հիփո­թեքային վարկի վարկառուին, նաև առկայության դեպքում՝ համավարկառուներին, վերադարձ­ման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը:

Կոմիտեից նաև հիշեցնում են՝ եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Երևանի վարչական տարածքում, ապա 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով ևս եկամտային հարկը չի վերադարձվելու։ Նշված սահմանափակումը չի կիրառվում մինչև 2022 թվականի հունվարի 1-ն ընդունված որոշումներով ստացված շինարարության թույլտվությունների հիման վրա կառուցված (կառուցվող) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների կամ անհատական բնակելի տների նկատմամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս