Բաժիններ՝

ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը հարձակման է ենթարկվել

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հարձակման են ենթարկվել Հյուսիսատլանտյան դաշինքում (ՆԱՏՕ) Ադրբեջանի ներկայացուցիչ Ջաֆար Հուսեյնզադեն ու նրա կինը։

Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ում Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար Ջաֆար Հուսեյնզադեին։ 

«Օգոստոսի 5-ին՝ իմ արձակուրդի ժամանակ, Բրյուսելի ժամանակով ժամը 15.00-ին այն տան առջև, որտեղ ապրում եմ Բելգիայում, 2 անհայտ անձ հարձակվել են իմ և կնոջս վրա։ Այդ մարդիկ ներխուժեցին շենք, երբ մենք մուտք էինք գործում, մեզ սպառնացին զենքով և դանակներով և վերցրին մեր իրերը», – պատմել է Ջաֆար Հուսեյնզադեն։

Վերջինս նաև պատմել է, որ հարձակվողները տարածքից հեռացել են՝ խլելով կնոջ պայուսակն ու «Rolex» ժամացույցը՝ պատճառելով մարմնական թեթև վնասվածքներ։ «Ոստիկանությունն անհապաղ եկավ պատահարի վայր և սկսեց հետաքննությունը։ Ոստիկանությանը տրամադրված տեղեկության հիման վրա ներկայում իրականացվում են քննչական միջոցառումներ՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու նպատակով»,- ասել է Հուսեյնզադեն։

 Նա հավելել է, որ մամուլում շատ են ուռճացնում իրենցից գողացված ժամացույցի արժեքի թեման։ «Թեև մեր ժամացույցը «Rolex» էր, բայց դա մետաղական ու պարզ մոդել էր», – ասել է ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը՝ հավելելով, որ երկրի դեսպանությունը պաշտոնապես դիմել է բելգիական կողմին և պահանջել միջոցներ ձեռնարկել Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի շրջանակում ապահովել դիվանագետների անձեռնմխելիությունը և նման հարձակումների կանխումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս