
Իրանում հայտարարել են, որ Սինվարի ընտրվելը ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսրայելին կզրկի ապագայից

Յահյա Սինվարի ընտրվելը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի նոր ղեկավար նշանակում է, որ պաղեստինցիներն ընտրել են ուղի, որն Իսրայելին զրկում է ապագայի հույսերից։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ կարծիքն է հայտնել Իրանի բանակի գլխավոր հրամանատար գեներալ-լեյտենանտ Աբդուլռահիմ Մուսավին։
«Երեկ Յահյա Սինվարի նշանակումը ցույց տվեց այն, թե ինչ ուղի են ընտրել պաղեստինցիները և ՀԱՄԱՍ-ը: Այդ ընտրությունը նշանակում է, որ սիոնիստական վարչակարգը (խմբ.` նկատի ունի Իսրայելը) չպետք է ապագայի ոչ մի հույս ունենա», – ասել է նա։
Մուսավին նաև հայտարարել է, որ Թեհրանում Իսմայիլ Հանիյեի սպանությունը չի մնա առանց արձագանքի, և Իսրայելը կստանա «վճռական, կոշտ պատասխան»։
Օգոստոսի 6-ին պաղեստինյան արմատական շարժումը հայտարարել է շարժման քաղբյուրոյի ղեկավարի պաշտոնում Յահյա Սինվարի ընտրվելու մասին՝ Թեհրանում սպանված Իսմայիլ Հանիյեի փոխարեն։ Սինվարը համարվում է շարժման ռազմական թևի «Իզեդդին ալ Քասամի բրիգադներ» թևի և ՀԱՄԱՍ-ի «Մաջդ» ներքին անվտանգության կազմակերպության հիմնադիրներից մեկը։ «Մաջդ»-ը մասնագիտացած է Իսրայելի հետ համագործակցող պաղեստինցիների դեմ պատժիչ գործողությունների հարցում:
ԱՄՆ-ում Սինվարը ներառված է միջազգային ահաբեկիչների սև ցուցակում։