Պենտագոնը պատրաստ է օգնել Իսրայելին Իրանի հնարավոր հարձակման դեպքում
ԱՄՆ-ն փոխել է իր ուժերի դիրքավորումը Մերձավոր Արևելքում՝ ուժեղացնելու ամերիկյան ուժերի պաշտպանությունը և ամրապնդելու Վաշինգտոնի հանձնառությունն Իսրայելի պաշտպանությանը։
Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն՝ ամփոփելով «երկու գումարած երկու» ձևաչափով ամերիկա-ավստրալական բանակցությունների արդյունքները։
Օսթինը հրաժարվել է կանխատեսումներ անել՝ արդյոք Իրանը կհարձակվի Իսրայելի վրա կամ երբ նման հարձակում տեղի կունենա, սակայն նա վստահեցրել է, որ ԱՄՆ անում է ամեն բան պաշտպանության համար։
«Մենք անում ենք հնարավոր ամեն բան՝ պաշտպանելու մեր զինվորականներին և համոզվելու, որ հնարավորություն ունենք պաշտպանության հարցում օգնել Իսրայելին, եթե մեզ նման բան խնդրեն», – ասել է Պենտագոնի ղեկավարը։
Նա հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմն ուժեղացնում է ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ հածանավերի և էսկադրային ականակիրների, ինչպես նաև լրացուցիչ օդուժի տեղակայման միջոցով։
«Մեր ավիակիր հարվածային խմբի ներկայությունը Մերձավոր Արևելքում պահպանելու համար ես հրամայել եմ, որ «Աբրահամ Լինկոլն» նավը փոխարինի «Թեոդոր Ռուզվելտ» նավին այս ամիս ավելի ուշ: Ես նաև հրամայել եմ ուղարկել լրացուցիչ հածանավեր և էսկադրային ականակիրներ, որոնք ունակ են ապահովելու պաշտպանություն հրթիռներից: Եվ ես հրամայել եմ Մերձավոր Արևելք ուղարկել կործանիչների լրացուցիչ էսկադրիլիա՝ ամրապնդելու մեր օդային աջակցության պաշտպանական հնարավորությունները։ Ուժերի դիրքավորման այս փոփոխությունները լրացնում են տարածաշրջանում մեր ունեցած միջոցների արդեն իսկ լայն սպեկտրը, և մենք պատրաստ ենք ուժերի շուտափույթ ծավալման՝ մեր անվտանգության, մեր գործընկերների կամ շահերի նկատմամբ փոփոխվող սպառնալիքներին հակազդելու համար», – նշել է նա: