Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունը ողջունել է Տոյվո Կլաարի հայտարարությունը ԼՂ-ի հայության վերադարձի իրավունքի մասին
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ողջունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է լինեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս։
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն այդ մասին հայտարարություն է տարածել։
«Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Jam.news-ին տված հարցազրույցում, խոսելով հայ-ադրբեջանական կարգավորման մասին, նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը կլինեն հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս, և որ Բաքվի և նրանց միջև ուղիղ բանակցություններ կլինեն իրենց հայրենի տարածաշրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ։
«Ադրբեջանն այս առումով պարտավորություն ունի, որից, ինչպես ինձ է թվում, չի հրաժարվում»,- ասել է Կլաարը։
Կլարը մեկ անգամ ևս վերահաստատել է, որ «առաջինը ղարաբաղցի հայերի՝ իրենց նախնիների հայրենիք վերադարձին մղված աջակցությունն է, որը Ադրբեջանի պարտավորությունն է»։
Կլաարը խոսել է նաև այն մասին, որ գոյություն ունի Ադրբեջանի այլ մասերում, այդ թվում՝ Բաքվում նախկինում բնակված հայերի խնդիր ևս։ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հայտարարությունը։ Այս հայտարարությունն իր կարևորությամբ շոշափում է երկու հիմնահարց՝ առաջինը Լեռնային Ղարաբաղի հայության վերադարձի անժխտելի անհրաժեշտությունը, որը իրապես Ադրբեջանի պարտավորությունն է, իսկ երկրորդը՝ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի տարածքում նախկինում բնակված և 1988-1992 թթ․ էթնիկ զտման ենթարկված հայության խնդիրն է, որը տասնամյակներ շարունակ չի ստացել միջազգային իրավաքաղաքական անհրաժեշտ գնահատական։ Թեև ժամանակագրորեն երկու խնդիրները միմյանցից անջատ են, դրանք տեղի են ունեցել տարբեր պայմաններում և հանգեցրել են տարբեր հետևանքների, սակայն պատմականորեն կազմում են միևնույն հակահայկականության երկու իրար հաջորդող փուլեր, որոնք հետապնդել են միևնույն նպատակը՝ հայազրկել հայկական բնակավայրերը և հայաբնակ, հայահոծ շրջանները, ջնջել տվյալ տարածքներում հայկականության բոլոր ապացույցները, էթնոցիդի ենթարկել հայկական մշակութային արեալը։ Կատարելապես միևնույն գործողություններն այսօր Ադրբեջանն իրականացնում է Լեռնային Ղարաբաղում։ Հետևապես, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների վերականգնման խնդրի մասին խոսելիս միջազգային հանրությունը, տարանջատելով երկու խնդիրներն, այնուհանդերձ, պետք է հստակորեն տեսնի դրանցում առկա պատճառահետևանքային կապը, ադրբեջանական «տարբեր» վարչակարգերի նույնությունը, երբ խոսքը գնում է հայկականության ոչնչացման մասին։
Տոյվո Կլաարը և միջազգային հանրության մյուս հեղինակավոր ներկայացուցիչներ պետք է գիտակցեն, որ էթնիկ ռասիզմով տասնամյակներ շարունակ սնված հասարակությունը վերածվել է ահաբեկչածին զանգվածի, որը սպառնում է տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը։ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը կոչ է անում Տոյվո Կլաարին իր հետագա գործունեության ընթացքում հաշվի առնել անցյալի հանցանքների նկատմամբ համապատասխան պատժի ու պատասխանատվության անհրաժեշտությունը և նպաստել նման մեխանիզմների ստեղծմանը, համաշխարհային քաղաքական կամքի բյուրեղացմանը և երևույթների անաչառ մեկնաբանմանը։