Բաժիններ՝

ՀԱՄԱՍ-ը նոր ղեկավար է նշանակել Յահյա Սինվարին՝ Հանիյեի սպանությունից հետո

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումն իր քաղաքական թևի նոր ղեկավար է նշանակել Յահյա Սինվարին. նա կփոխարինի Իսմայիլ Հանիյեին, որը սպանվել էր Թեհրանում հուլիսի 31-ին՝ Իրանի նախագահի երդմնակալությունից հետո։ Շարժման պաշտոնյաներից մեկը BBC-ին հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը Սինվարին շարժման առաջնորդ է նշանակել միաձայն։ 2017 թվականից Սինվարը եղել է շարժման առաջնորդը Գազայի հատվածում։ 

«Նրանք սպանեցին Հանիյեին՝ ճկուն անձնավորությանը, որը պատրաստ էր լուծումների։ Հիմա նրանք պետք է գործ ունենան Սինվարի և ռազմական ղեկավարության հետ», – ասել է ՀԱՄԱՍ-ի պաշտոնյան BBC-ին՝ հավելելով, որ Սինվարի ընտրությունը «մարտահրավերի ուղերձ էր Իսրայելին»։

Սինվարը համարվում է ՀԱՄԱՍ-ի ամենածայրահեղական դեմքերից մեկը։ Իսրայելը համարում է, որ նա է պլանավորել և իրականացրել 2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակումը, որի հետևանքով 1200 մարդ է զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 39 600-ը։ 

Արձագանքելով Սինվարի նշանակմանը՝ որպես ՀԱՄԱՍ-ի նոր ղեկավար՝ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը X-ում գրել է, որ դա «ևս մեկ պարտադրող պատճառ է՝ արագ վերացնելու նրան և Երկրի երեսից ջնջելու այս նողկալի կազմակերպությունը»։

Սինվարն իր կյանքի մեծ մասն անցկացրել է իսրայելական բանտում, իսկ 1988 թվականին իր երրորդ ձերբակալությունից հետո դատապարտվել է չորս ցմահ ազատազրկման։ 2011 թվականին նա եղել է պաղեստինցի և իսրայելցի արաբ 1027 բանտարկյալների շարքում, որոնց Իսրայելը փոխանակեց Գիլադ Շալիթի հետ՝ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորի, որը 5 տարի գերի էր ՀԱՄԱՍ-ի մոտ։ 

ԱՄՆ-ում Սինվարը ներառված է միջազգային ահաբեկիչների սև ցուցակում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս