
Քամալա Հարիսն իր փոխնախագահի թեկնածուի հետ առաջին հանրահավաքն է անցկացրել

ԱՄՆ փոխնախագահ, նախագահական ընտրություններում դեմոկրատների թեկնածու Քամալա Հարիսը և նրա ընտրած փոխնախագահի թեկնածու, Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցը Ֆիլադելֆիայում իրենց առաջին հանրահավաքն են անցկացրել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Հանրահավաքին ներկա է եղել ավելի քան 10 000 մարդ։ Ուոլցը քննադատել է Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին և նրա փոխնախագահի թեկնածու Ջեյ Դի Վենսին։
Քամալա Հարիսը նախագահական ընտրապայքարի մեջ է մտել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուլիսին որոշեց դուրս գալ ընտրապայքարից։ Վերջին երկու շաբաթների ընթացքում Հարիսն ահռելի գումար է հավաքագրել և, ըստ մի քանի հարցումների, գրավել առաջատարի դիրքերը։Հարիսի ընտրարշավի թիմը հայտնել է, որ փոխնախագահի պաշտոնում Թիմ Ուոլցի թեկնածությունը հայտարարելուց հետո հավաքագրվել է ևս 20 միլիոն դոլար։
Թրամփը և Վենսն արձագանքել են Քամալա Հարիսի ընտրությանը և նշել, որ Հարիսը և Ուոլցը ամերիկյան պատմության մեջ «ամենաարմատական ձախ դուետն են»։
Ֆիլադելֆիայից հետո Հարիսը և Ուոլցը բազմաթիվ քաղաքներ ընդգրկող շրջագայություն են պլանավորում, այդ թվում՝ Վիսկոնսին, Արիզոնա և Նևադա նահանգներում, որտեղ դեռ հստակ չեն կանխատեսումները, թե որ թեկնածուն կհաղթի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում։