
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են Արթուր Ալեքսանյանի անվան սպորտային համալիրի կառուցման ծրագիրը սահուն իրականացնելու վերաբերյալ հարցեր

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն անցկացրել է խորհրդակցություն «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման ծրագիրն իրականացնող շինարարական, նախագծային և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, քննարկվել են սպորտային համալիրի կառուցման ընթացքի հարցեր, որոնք վերաբերել են արտաքին և բակային ինժեներական ցանցերին, մարզադաշտի խոտածածկույթին, լողավազանին, նախագծային լուծումներին ու հաշվարկներին։ Ընթացիկ յուրաքանչյուր հարցի կարգավորման համար որոշվել են սեղմ ժամկետում հրատապ լուծման տարբերակներ՝ աշխատանքների ծավալն ըստ ժամանակացույցի, սահուն և որակով իրականացնելու նպատակով։
Նշվում է, որ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը լսել է բոլոր կողմերի դիտարկումները, ներկայացրել կոմիտեի առաջարկներն ու պատրաստակամություն հայտնել աջակցելու կարևորագույն ծրագրի բարեհաջող իրագործմանը։
Նա հիշեցրել է գործընկերային սկզբունքով և թիմային աշխատանքով առաջնորդվելու կարևորությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ ծրագիրն իրականացնողներից ակնկալվում է ստանձնած պարտավորությունները կատարել բարեխղճորեն, ժամանակին և որակով։