Հորդանանը և Սաուդյան Արաբիան հայտարարել են, որ թույլ չեն տա իրենց օդային տարածքն օգտագործել Իսրայելին հարվածելու համար
Հորդանանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Այման աս Սաֆադին Իրանին նախազգուշացրել է, որ թագավորությունը թույլ չի տա իր օդային տարածքն օգտագործել Իսրայելին հարվածներ հասցնելու համար՝ ի պատասխան Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանության։ Այս մասին հաղորդում են տարբեր ԶԼՄ-ներ՝ վկայակոչելով Sky News Arabia-ին։
«Թագավորության ԱԳՆ ղեկավարն ԱՄՆ-ից, Իսրայելից և Իրանից պահանջել է հեռու մնալ Հորդանանի օդային տարածությունից», – մեջբերում է հեռուստաալիքն աղբյուրի խոսքը։
Ըստ Kan News-ի՝ նմանատիպ հայտարարություն է արել նաև Սաուդյան Արաբիան՝ նշելով, որ թույլ չի տա, որ իրանական հրթիռները և անօդաչու թռչող սարքերն անցնեն իր տարածքով դեպի Իսրայել։ Ըստ Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի բարձրաստիճան պաշտոնյայի՝ այդ հայտարարությունն ուղարկվել է նաև անմիջապես Իրանին։ Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը Հորդանանի ռազմաօդային ուժերը և հակաօդային պաշտպանությունը խոցել են ԱԹՍ-ներ և հրթիռներ, որոնք արձակվել էին Իրանից՝ ի պատասխան Դամասկոսում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի քանի գեներալների սպանության:
Փոխվարչապետն այն ժամանակ հայտարարել էր, որ Հորդանանը «կխոցի ցանկացած անօդաչու թռչող սարք կամ հրթիռ, որոնք կթափանցեն իր օդային տարածք»՝ անկախ նրանից՝ դրանք իրանական են թե իսրայելական։
Մերձավոր Արևելքում իրադրությունը կտրուկ սրվել է հուլիսի 31-ին Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո, որին նախորդել էր Բեյրութում իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահ» շարժման բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրի սպանությունը։ Իրանը Հանիյեի սպանության մեջ մեղադրել է Իսրայելին, որը ո՛չ հաստատել է, ո՛չ հերքել իր առնչությունը դրան։