ՌԴ-ն հայտնել է դիվերսիոն խմբի ներթափանցման փորձի, Ուկրաինան՝ ռուսական հարվածների մասին
Ռուսաստանի իշխանությունները հայտնել են, որ ուկրաինական դիվերսիոն խումբը փորձել է ներխուժել Կուրսկի մարզի տարածք։ Կուրսկի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը փորձել են ներթափանցել Կուրսկի տարածք, սակայն Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության և ՌԴ զինված ուժերի սահմանապահ ծառայության մարտիկները թույլ չեն տվել սահմանի խախտում։ Ըստ պաշտոնյայի՝ նահանգը ենթարկվել է և՛ անօդաչու թռչող սարքերի, և՛ հրթիռների հարձակման։
Իսկ Կուրսկի Սուջա քաղաքի գնդակոծության հետևանքով վիրավորվել է 5 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։ Ըստ ՌԴ իշխանությունների՝ գիշերը և առավոտյան ԱԹՍ-ների հարձակման են ենթարկվել նաև Բելգորոդի և Բրյանսկի մարզերը։Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ Գրայվորոնի քաղաքային շրջանում առավոտյան ԱԹՍ-ն հարվածել է ընթացող մեքենային, որի հետևանքով 1 տղամարդ է զոհվել։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերն էլ հայտնել են, որ ոչնչացրել են 16 կամիկաձե անօդաչուներից 15-ը։ ԱԹՍ-ների բեկորները վնասել են Կիևի մոտ գտնվող կառույցներ։ Տուժածների մասին չի հաղորդվում։
Ըստ Ուկրաինայի զինված ուժերի՝ ռուսական կողմն Ուկրաինայի վրա է արձակել նաև 4 «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ, 2 ավիացիոն հրթիռ։Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովն իր հերթին հայտնել է, որ քաղաքի կենտրոնական շրջանները ենթարկվել են գնդակոծության, որի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Ուկրանայի մարզային իշխանությունները նաև հայտնել են Սումիի մարզի գնդակոծությունների մասին։ Արձանագրվել է 104 պայթյուն։ Զոհվել է 1 մարդ, 2 մարդ՝ վիրավորվել։