
Բորելը Մերձավոր Արևելքում «անհայտ մասշտաբների պատերազմի» վտանգ է տեսնում

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ հարկավոր է կանխել հերթական աղետը, քանի որ Մերձավոր Արևելքում լարվածությունն աճում է՝ տարածաշրջանը կանգնեցնելով պատերազմի վտանգի առաջ։ Այս մասին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը գրել է X սոցիալական հարթակի իր էջում։
«Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է աճել՝ այն կանգնեցնելով անհայտ մասշտաբների պատերազմի եզրին: Մենք բոլորս պետք է կանխենք հերթական աղետը», – գրել է Բորելը։Նա նշել է, որ հարկավոր է հասնել փոխհամաձայնության և Գազայի հատվածում հրադադար հաստատել։
«Բոլոր նրանք, ովքեր կանգնած են ապաէսկալացման ճանապարհին, պետք է պատասխանատվության ենթարկվեն», – հավելել է Ժոզեպ Բորելը։
Մերձավոր Արևելքում իրադրությունը կտրուկ սրվել է հուլիսի 31-ին Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո, որին նախորդել էր Բեյրութում իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահ» շարժման բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրի սպանությունը։ Իրանը Հանիյեի սպանության մեջ մեղադրել է Իսրայելին՝ խոստանալով, որ երկիրը «բարձր գին կվճարի» դրա համար։ Իսրայելը ո՛չ հաստատել է, ո՛չ հերքել իր առնչությունը Հանիյեի սպանությանը։