Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի «Փոխգործակցություն-2024» զորավարժություններին

Հայաստանը չի նախատեսում մասնակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում սեպտեմբերի սկզբին Ղրղզստանում կայանալիք «Փոխգործակցություն-2024» հրամանատարաշտաբային զորավարժություններին։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ հրամանատարաշտաբային զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 3-15ը։

«Հայկական կողմը տեղեկացրել է, որ զորավարժություններին մասնակցություն չի նախատեսում», – նշվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ զորավարժություններին մասնակցություն են ունենալու Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի ներքին գործերի նախարարությունները, Ղազախստանի ազգային գվարդիան և Ռուսաստանի ազգային գվարդիան Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի արտակարգ իրավիճակների նախարարությունները, ինչպես նաև ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի օպերատիվ խմբերը։ Տարածված տեղեկատվության համաձայն՝ առաջիկա զորավարժությունների ընթացքում կմշակվեն առաջադրանքներ՝ նոր մարտավարական տեխնիկայի և մարտական ​​փորձի ներդրմամբ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցելու նաև Նովոսիբիրսկում օգոստոսի 14-ից 16-ն անցկացվելիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Կոբալտ-2024» զորավարժություններին։

Տեսանյութեր

Լրահոս