Ավո Խալաթյանը՝ «Լավագույն դերասան»
Օգոստոսի 2-ին կայացավ Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնի փակումն ու հաղթող ֆիլմերի մրցանակների հանձնման արարողությունը։ Փառատոնի ազգային մրցութային ծրագրում ընդգրկված էր նաև ռեժիսոր Վահան Գրիգորյանի՝ «Ձուն» կարճամետրաժ խաղարկային ֆիլմը, որի գլխավոր դերակատար Ավո Խալաթյանը հաղթող ճանաչվեց Լավագույն դերասան անվանակարգում։
Մրցանակը հաղթողներին հանձնեցին կինոփառատոնի ժյուրիի նախագահ Կաննի կինոփառատոնի մրցանակակիր, դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ Սերժ Ավետիքյանը, ժյուրիի անդամներ՝ ռեժիսոր, թարգմանիչ Սաթէ Խաչատրյանն ու արձակագիր Գրիշ Սարդարյանը։
ՀՀ վաստակավոր արտիստ, թատրոնի հայտնի և սիրված դերասան Ավո Խալթայանի մարմնավորած դերը «Ձուն» կարճամետրաժ խաղարկային ֆիլմում կինոյում նրա առաջին գլխավոր դերն էր։
Ավո Խալաթյանն իր շնորհակալական խոսքում նշեց. «Անչափ շնորհակալ եմ։ Ունեմ մեծ սեր, որի անունն է թատրոն, բայց պարզվում է թաքնված «սիրուհին» էլ կա՝ կինոն։ Ուզում եմ ասել, որ առանց սիրո ոչ մի լավ բան չի ծնվում։ Ոչինչ չի ծնվում առանց հավատի, առանց լուսավոր ընկերների՝ ռեժիսոր Վահան Գրիգորյանի, բեմադրող օպերատոր Սուրեն Թադևոսյանի, և առանց այն հույսի, որ մի օր ֆիլմը հանձնվելու է պրոֆեսիոնալ ժյուրիի դատին ու գնահատվելու է։ Շնորհակալ եմ ժյուրիի անդամներին, փառատոնի կազմակերպիչներին, և, իհարկե, հանդիսատեսին։ Սա մեծ նվեր է ինձ համար»։
Խոսելով Ավո Խալաթյանի հետ համագործակցության մասին՝ «Ձուն» կարճամետրաժ ֆիլմի ռեժիսոր և սցենարի հեղինակ Վահան Գրիգորյանը նշեց. «Ավոյի հետ նախկինում ունեցել ենք համագործակցություններ, բայց կինոյում միասին առաջին անգամ էինք աշխատում։ Շնորհակալ եմ Ավոյին հրաշալի ու անձնվեր աշխատանքի համար։ Նկարահանումների ընթացքում ամբողջ ստեղծագործական թիմը հիացած էր նրա ճկունությամբ, պատրաստակամությամբ և, իհարկե, տաղանդով։ Ես շատ ուրախ եմ, որ գնահատվեց Ավոյի աշխատանքն այս ֆիլմում, շնորհակալ եմ ժյուրիի անդամներին, փառատոնի կազմակերպիչներին։ Ի սրտե շնորհավորում եմ Ավոյին և մեր թիմին, քանի որ սա բոլորիս հաղթանակն է»։
Նշենք, որ Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային 7-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրերում ընգրկվել և ներկայացվել են 46 ֆիլմ 20 երկրից (Հայաստան, Ռուսաստանի Դաշնություն, Բրազիլիա, Իտալիա, Իսպանիա, Բելգիա Չեխիա, Ֆիլիպիններ, Չինաստան, Ինդոնեզիա, Հունաստան, Ֆրանսիա, ԱՄՆ, Հունգարիա, Թուրքիա, Լեհաստան, Սինգապուր, Իրանի Իսլամական Հանրապետություն, Պորտուգալիա, Ալժիր), որից 18-ը՝ ազգային, իսկ 28-ը՝ միջազգային ծրագրում: Փառատոնի գլխավոր մրցանակին արժանացավ Իրանի Իսլամական Հանրապետությունից ռեժիսոր Նահալ Դաշտիի «Հեղեղ» ֆիլմը։