Տոյվո Կլաարը գերիների և անհետ կորածների հարցը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առանցքային տարր է համարում
Հարավային Կովկասի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի դիտարկմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման երկխոսության շրջանակներում կարևոր տարրեր են հանդիսանում նաև մարդասիրական, մասնավորապես, գերիներին և անհետ կորածներին վերաբերող հարցերը։
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նման դիտարկում է արել JamNews-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում մարդասիրական հարցերի կարևորությանը։
«Ինձ համար հարաբերությունների կարգավորման ողջ գործընթացը վերաբերում է մարդկանց և, հետևաբար, մարդասիրական հարցերին: Սակայն, եթե նկատի ունեք գերիների և անհետ կորածների կոնկրետ հարցը, ապա դրանք, իհարկե, նույնպես առանցքային տարրեր են», – ընդգծել է Տոյվո Կլաարը: Վերջինս նշել է, որ ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում իր աշխատանքի ընթացքում ամենահուզիչ փորձառություններից մեկը եղել է 2021 թվականի վերջին Ադրբեջանի գերությունից տասը հայ զինվորների ազատ արձակումը, քանի որ հպարտ է եղել, որ ԵՄ-ն կարողացել է օգնել այդ ժամանակ, և որ ինքն անձամբ կարողացել է ուղեկցել այդ գերիներին, երբ նրանք 2021 թվականի դեկտեմբերի 19-ին Բաքվից հայրենադարձվել են Երևան:
«Ես խորապես համոզված եմ, որ բոլոր գերիների ազատ արձակումը, բոլոր կողմերի լավ և արդյունավետ համագործակցությունն անհետ կորածների ճակատագրի, ինչպես նաև ականազերծման ջանքերի հարցում վճռորոշ տարրեր են կայուն խաղաղության և թշնամության ու բռնության էջը վերջնականապես փակելու համար։Եվ ինձ անձամբ տխրեցնում է այն, որ մենք դեռ իսկապես չենք կարողանում առաջընթաց գրանցել այդ հարցերում», – եզրափակել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը՝ վստահություն հայտնելով, որ այդ հարցը կմնա առանցքային խնդիր իր աշխատանքը շարունակող հաջորդ պաշտոնյայի համար: