Բաժիններ՝

Բանգլադեշի վարչապետը հրաժարական է տվել և հեռացել երկրից

Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան հրաժարական է տվել և հեռացել երկրից՝ շուրջ 280 զոհի պատճառ դարձած հակակառավարական ցույցերի ֆոնին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տարբեր աղբյուրներ։

Բանակի գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ երկրում ժամանակավոր կառավարություն կձևավորվի։ Տարբեր հրապարակումների համաձայն՝ 76-ամյա Հասինան ռազմական ուղղաթիռով իր քրոջ հետ միասին ուղևորվել է դեպի Հնդկաստան։ Ըստ CNN News 18 հեռուստաալիքի՝ նա վայրէջք է կատարել Հնդկաստանի հյուսիս-արևելյան Տրիպուրա նահանգի մայրաքաղաք Ագարտալայում։

Հեռուստաընկերությունների հրապարակած կադրերի համաձայն՝ հազարավոր մարդիկ դուրս են եկել մայրաքաղաք Դաքայի փողոցներ՝ իրենց ցնծությունն արտահայտելով։ Հազարավոր մարդիկ էլ ներխուժել են Հասինայի պաշտոնական նստավայր և այնտեղից տարել տարբեր իրեր, այդ թվում՝ հեռուստացույցներ, աթոռներ, սեղաններ, հավելում է Reuters-ը։

Բանգլադեշում ցույցեր են տեղի ունենում հուլիսից. ցուցարարները պահանջում էին վերացնել պետական աշխատատեղերի քվոտաների համակարգը։ Այնուհետև ցույցերը վերածվեցին ավելի ընդարձակ հակակառավարական շարժման՝ վարչապետի հրաժարականի պահանջով։ Միայն օգոստոսի 4-ին ցույցերի ընթացքում առնվազն 90 մարդ էր զոհվել, իսկ օգոստոսի 5-ին իրավապահների և ցուցարարների միջև բախումների ժամանակ առնվազն 6 մարդ է զոհվել։ Շեյխ Հասինան հունվարին չորրորդ ժամկետով ընտրվել էր Բանգլադեշի վարչապետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս