Բաժիններ՝

Նեթանյահուն որոշել է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորումը հետաձգել մինչև ԱՄՆ-ի ընտրությունները

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշել է հետամուտ չլինել Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորմանը մինչև ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները: Այս մասին հաղորդել է Channel 12 լրատվամիջոցը։

Ըստ հրապարակման՝ Նեթանյահուն այս որոշումն ընդունել է ԱՄՆ-ում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների պատճառով։ Ինչպես նշվում է, նա ցանկանում է սպասել և տեսնել՝ արդյոք ընտրվելու է հանրապետական ​​թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ որոշումն ունի լուրջ հետևանքներ, այդ թվում՝ Գազայի հատվածում հրադադարի և պատանդների վերադարձի գործարքի համար, քանի որ հնարավոր կարգավորումն «ապահովագրություն» կդառնար Նեթանյահուի համար. եթե նրա աջ կոալիցիան փլուզվի Գազայի հետ կապված գործարքի շուրջ տարաձայնությունների պատճառով, ապա Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորումը նրան ընտրություններում կօգնի։

Անցյալ շաբաթ իսրայելցի պաշտոնյաներից մեկը Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում լրագրողներին ասել էր, որ Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագիրը դեռևս հնարավոր է մինչև նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները։

Նրա խոսքով՝ Նեթանյահուն այդ հարցը քննարկել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ Սպիտակ տանը կայացած իրենց հանդիպման ժամանակ։

Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորման փորձեր են արվում այն բանից հետո, երբ 2020 թվականին ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի և Մարոկկոյի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս