Բրիտանիան արտակարգ հանդիպում կանցկացնի երկրում ծավալված անկարգությունների պատճառով
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ արտակարգ հանդիպում կանցկացնի երկրի տարբեր քաղաքներում շաբաթ և կիրակի օրերին տեղի ունեցած անկարգությունների առնչությամբ, որոնց ընթացքում ավելի քան 150 մարդ է ձերբակալվել։
Հուլիսի 29-ին Սաութփորթ քաղաքում երեխաներին թիրախավորող դանակահարությունից հետո, որի հետևանքով երեք աղջիկ էր սպանվել, Բրիտանիայում ծայրահեղ աջերն անկարգություններով ուղեկցվող ակցիաներ են կազմակերպում։ Ռոտերդամում ցուցարարները հարձակվել են հյուրանոցի վրա, որտեղ ապրում են ապաստան հայցողները։ Ցուցարարները ներխուժել են հյուրանոց, տարբեր առարկաներ հրկիզել, կոտրել ապակիները։ Առնվազն 10 իրավապահ վիրավորվել է։
Նմանատիպ ակցիաներ են տեղի ունեցել Միդլսբրոյում, Բոլթոնում և այլ քաղաքներում, որտեղ ևս իրավապահների հետ բախումներ են տեղի ունեցել։ Բոլթոնում ցուցարարների խմբի դեմ պատասխան ցույցով դուրս է եկել մոտ 300 հոգուց բաղկացած դիմակավորված խումբ՝ գոչելով «Ալլահու Ակբար», հավելում է BBC-ն։ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը դատապարտել է անկարգությունները և խոստացել պատժել դրանց կազմակերպիչներին և մասնակիցներին օրենքի ողջ ուժով։
Երկրի Ներքին գործերի նախարարությունն ավելի մեծ պաշտպանություն է առաջարկել մզկիթներին։ Զանգվածային դանակահարությունից հետո լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե 17-ամյա կասկածյալը մուսուլման է, սակայն իրավապահները կոչ էին արել զերծ մնալ ենթադրություններից։