«Եղել է պայմանավորվածություն. Փաշինյանն ազդակ տվեց, որ հարձակվեն». Լարիսա Ալավերդյան
Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այն կարծիքին է, որ Հայաստանում երբեք այնպիսի անարխիկ վիճակ չի եղել, ինչպես Նիկոլ Փաշինյանի օրոք:
«Ալիևը համարում է ամբողջ այս տարածքն ադրբեջանցիների պատմական հայրենիք, ինչը, իհարկե, ո՛չ պատմական, ո՛չ իրավական որևէ հիմք չունի: Ալիևը չի պատրաստվում խաղաղության պայմանագիր ստորագրել, նա կապիտուլյացիայի ենթարկած պետության հանդեպ իր պահանջներն է ներկայացնում, և չեմ կարծում, որ ներկա իշխանությունները չգիտեին դրա մասին: Ես չեմ ուզում անդրադառնալ, որ 2020 թվականին էլ էր պայմանավորված պատերազմ, գլխավոր հրամանատարն է դա խոստովանել, և 2023 թվականի զինաթափումն էլ գլխավոր հրամանատարի հրամանն էր: Նա անսահման ցինիզմով հաստատում է այն, ինչ ասում էի 2018 թվականից, որ այս իշխանությունը եկել է հստակ ծրագրով՝ Արցախը օր առաջ հանձնել Ադրբեջանին: Բայց հնարավոր էլ չէ միայն Արցախով սահմանափակվել, որովհետև Ադրբեջանն ինչպես որևէ իրավական հիմք չունի Արցախը պահանջել, այնպես էլ՝ Հայաստանից տարածքներ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Այս ամբողջի նպատակը նախ՝ Արցախը Ադրբեջանին հանձնելն էր, երկրորդ՝ Հայաստանը դարձնել Ադրբեջանի կցորդ, որն իր հերթին՝ Թուրքիայի կցորդն է: Հենց Իլհամ Ալիևը փորձեց փոքր-ինչ ինքնուրույնություն ցուցաբերել միջազգային հարթակներում, իր ծնող Թուրքիան՝ հանձին Էրդողանի, ուղղակի գլխին տվեց, ասաց, որ իրենք են մտել Արցախ… Փաշինյանն ասում է, որ կարող էր Արցախը տալ՝ առանց զոհերի, դա չի՞ նշանակում, որ եղել է պայմանավորվածություն: Երբ Ստեփանակերտում հատուկ իր ձայնով ասում էր՝ Արցախը Հայաստան է, և վերջ, դա է եղել ազդակը, որ՝ կարող եք հարձակվել: Ադրբեջանը երբեք չի ունեցել ռազմական հաղթանակներ և չի ունենալու, և Թուրքիան ասաց՝ ես կանեմ, և արեց ՆԱՏՕ-ի աչքի առաջ»,- ընդգծեց Մարդու իրավունքների առաջին պաշտպանը:
Նա շեշտեց՝ Ադրբեջանը մինչ այսօր չունի որևէ իրավական հիմքերով սահմաններ, մանավանդ՝ ճանաչված. «Այդ բոլոր հոխորտանքները, որ միջազգային հանրությունը ճանաչել է 1991 թվականին, խելացի ձեռքերում այդ փաստարկներն անմիջապես փլուզվում են, որովհետև երբևիցե Ադրբեջանը ո՛չ մինչև Սովետական Միություն, ո՛չ սովետական ժամանակ, ո՛չ դրանից հետո չի ունեցել ինքնիշխանություն այն տարածքների հանդեպ, որի հանդեպ ունի նկրտումներ, այդ թվում՝ Արցախը»:
Դիտարկմանը՝ Դուք ասում եք՝ Ադրբեջանը չունի ճանաչված սահմաններ, իսկ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի սահմաններն է կասկածի տակ դնում, ասում է՝ կադաստրի վկայական չունենք, Լարիսա Ալավերդյանն այսպես արձագանքեց. «Դա սուտ է, նա կա՛մ կարդալ չգիտի, կա՛մ՝ չգիտեմ… Որովհետև այդ բոլոր փաստաթղթերը կան, բայց անգամ այդ փաստաթղթերն եմ ես մերժում, որովհետև Ադրբեջանը հրաժարվում է այդ փաստաթղթերից, ինչը նշանակում է, որ նրա բոլոր պահանջները կապիտուլյացիայի ենթարկվածից հաղթած պետության պահանջներ են: Ալիևը շատ լավ հասկանում է, որ Արցախի տարածքն ամբողջովին ագրեսիայի արդյունքում ձեռք բերված տարածք է, եթե որևէ մեկը կասկածում է, թող ծանոթանան այդ բոլոր փաստաթղթերին: Ալիևն ունի խելացի խորհրդականներ և հասկանում է, որ ԵԱՀԿ ՄԽ գործիքը կաշխատի ոչ թե՝ հանուն արդարության, այլ՝ որպես ճնշման մեխանիզմ Ադրբեջանի վրա ամենատարբեր հարթակներում: Քանի որ Էրդողանն էլ Ալիևին ասաց՝ տեղդ ճանաչիր, նա առավել ևս ունի այդ մտահոգությունները»:
Անդրադառնալով այս իրավիճակում Փաշինյանի և նրա կնոջ ակտիվությանը, Լարիսա Ալավերդյանը նկատեց. «Հեծանիվ քշելը սկսեց այն բանից հետո, երբ Բագրատ Սրբազանը հիշեցրեց, որ մի ժամանակ նա հեծանիվ էր քշում. դա ոչ հասուն մտքի արձագանք է, ախ, դուք ասում եք՝ հեծանիվ չես քշո՞ւմ, ահա ձեզ հեծանիվ: Բայց նրանց հետևողական քաղաքականությունն է՝ քանդել Հայաստանը և դարձնել Արևմուտքի համար այն միջանցքը, որի մասին երազում են դեռ Գոբլի ժամանակից, որ Կենտրոնական Ասիան կախված չլինի Ռուսաստանից, այլ կախված լինի իրենցից: Իրենք առաջին մասն են միայն ասում, ես երկրորդն էլ ասեմ, որ իրենք ուզում են՝ բոլոր պետությունները կախված լինեն իրենցից: Մի՞թե դա չեն հասկանում այդ նույն Կենտրոնական Ասիայի երկրները. Այդպես մի աչքով մի նայեք նրանց, ես լավ ծանոթ եմ Ուզբեկստանին, Ղրղըզստանին, Ղազախստանին, որն այնպիսի նկրտումներ ուներ…
Ես երբեք ուշադրություն չէի դարձնի պաշտոնատար անձի կնոջ խիստ մոդայիկ անդրավարտիքներին, եթե դա չարվեր ցուցադրաբար: Նրանք ցույց են տալիս, թե ամեն ինչ լավ է. ամոթ է թանկարժեք մեքենայի մեջ նստել և ցույց տալ դա այն երկրում, որտեղ 6 տարվա ընթացքում աճել է ծայրահեղ աղքատության մակարդակը, երբ բարձրացել է թմրամիջոցների ներկրումը: Այդ թափով ներկրումների աճը տեղի է ունենում այն դեպքում, երբ դրան նպաստում են իշխանությունները, միջազգային պրակտիկան դա է: Ծանր և առավել ծանր հանցագործությունների թիվն օրեցօր մեծանում է: Այսինքն՝ ամոթ է, երբ դու քաոս ես մտցրել քո երկրում, և այդպես ես անում: Իմ միջազգային գործընկերներն էլ են ասում, որ այսպիսի անարխիկ վիճակ երբեք չի եղել Հայաստանում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում