Սա մեր արտաքին քաղաքականության, հատկապես՝ Վատիկանի և Իտալիայի դեսպանությունների ոչ պատշաճ աշխատանքի արդյունքն է. Լեռնիկ Հովհաննիսյան
Վատիկանի «L’Osservatore Romano» լրատվամիջոցը հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, որ Վատիկանը կոչ է արել ճանաչել Ադրբեջանը՝ որպես ալբանական եկեղեցու ծննդավայր: Հոդվածը վերնագրված է «Դեպի քրիստոնեության աղբյուրները՝ Ադրբեջանի Ալբանական առաքելական եկեղեցու հետքերով։ Ճամփորդություն Կովկասի հին Ալբանիայում»։
Այսօր էլ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունից հայտնել էին, որ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանը հանդիպում է ունեցել “L’Osservatore Romano” վատիկանյան լրատվամիջոցի տնօրեն, գլխավոր խմբագիր Անդրեա Մոնդայի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է քրիստոնեական ընդհանուր ժառանգության մաս հանդիսացող հայկական պատմամշակութային, քրիստոնեական հարուստ ժառանգության հանրահռչակման, դրան սպառնացող վտանգների վերաբերյալ իրազեկվածության ուղղությամբ հետագա համագործակցությունը։
Այս ամենին ՀՀ արտգործնախարարության կամ պետական այլ գերատեսչությունների կողմից որևէ հակադարձում դեռևս չկա, արձագանքել են միայն անհատներ։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանն անդրադառնալով հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի ձեռամբ աղվանական ներկայացնելուն և դա կանխելու հայկական կողմի անելիքներին, նշեց, որ այս ամենն Ադրբեջանի հետևողականորեն տարվող ակտիվ քաղաքականության արդյունքն է։
«Այս ամենին արձագանքել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը, կլինի նաև Արցախի թեմի արձագանքը։
Սա մեր արտաքին քաղաքականության, հատկապես՝ Վատիկանի և Իտալիայի դեսպանությունների ոչ պատշաճ աշխատանքի արդյունքն է նաև։
Միանշանակ մեր քաղաքականությունը, այդ ամենը կանխելուն ուղղված, պետք է ակտիվացվի։
Դե, հայկական կողմը կարող է ասել՝ եղածը հոդված է, էլի, լուրջ մի ընդունեք, բայց այդպես չէ՝ յուրաքանչյուր հոդված ունենում է նաև իր հետևանքը։ Ադրբեջանը տարբեր հարթակներ օգտագործում էր իր քարոզչության համար, հանդես էր գալիս հակահայ հայտարարությամբ, մենք դրանք թողնում էինք անարձագանք։ Վերջում տեսանք, որ կուտակեց բավականին մեծ կապիտալ ու այն քաղաքականից ու դիվանագիտականից վերածեց ռազմականի»,- նշեց Լեռնիկ Հովհաննիսյանը։
Նա ընդգծեց՝ այն, ինչը վերաբերում է հայկական կողմին, հայ ժողովրդի պատմությանն ու պատմական ժառանագությանը և դրա խեղաթյուրմանը, հայկական կողմից անմիջապես պետք է լինի պետական մակարդակով արձագանք, հակադարձում։
«Եղեղեցին արձագանքել է, հիմա պետք է սպասենք ու տեսնենք, թե ՀՀ իշխանությունը և ԱԳ նախարարության, դեսպանությունների արձագանքն ինչպիսին է լինելու։ Նրանք պետք է կանխարգելիչ գործողություններ նախաձեռնեին մինչ այդ, ինչը, ցավոք, տեղի չի ունեցել։
Ես չգիտեմ, արդյո՞ք հայկական կողմը կմասնակցի COP-29-ին և, եթե մասնակցի՝ արդյո՞ք կբարձրաձայնի Արցախում Ադրբեջանի կողմից հայկական ժառանգությունը ոչնչացնելու նրա քաղաքականության մասին։ Բայց մեկ բան հստակ է, որ այս ամենին պետք է արձագանքի Հայաստանը՝ պետական մակարդակով, բայց անկեղծ, այս հարցում այդքան էլ լավատես չեմ»,- եզրափակեց Լեռնիկ Հովհաննիսյանը։