
Նիժնի Տագիլում հինգհարկանի շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 4-ի

Ռուսաստանի Նիժնի Տագիլ քաղաքում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները բնակելի շենքի մուտքերի փլուզման վայրում։ Փլատակներից դուրս է բերվել 15 մարդ, զոհերի թիվը հասել է 4-ի։ Այս մասին հաղորդել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Աշխատանքների անցկացման մեկնարկից ի վեր փլատակներից դուրս է բերվել, ընդհանուր առմամբ, 15 մարդ, այդ թվում՝ յոթ երեխա: Նաև փրկարարները փլատակներից դուրս են բերել չորրորդ զոհի մարմինը», – ասվում է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում հավելել են, որ որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հեռացվել է ավելի քան 400 տոննա շինարարական աղբ։ Աշխատանքներին ներգրավվել է մոտ 550 մարդ և 74 միավոր տեխնիկա։Նիժնի Տագիլի հինգհարկանի բազմաբնակարան շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 1-ին, փլուզվել է երկու մուտք։
Հարուցվել է քրեական գործ սպառողների կյանքի և առողջության անվտանգությանը չհամապատասխանող ծառայություններ մատուցելու հոդվածով։