Շարժա-Երևան չվերթով ժամանած քաղաքացու մոտ հայտնաբերվել են 8 միլիոն դրամը գերազանցող ադամանդանման քարեր. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության պետական ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։
««Զվարթնոց» օդանավակայանում հսկողության է ենթարկվել Շարժա-Երևան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացի և վերջինիս ուղեբեռը: Մաքսային զննման արդյունքում նրա ուղեբեռից հայտնաբերվել են 22 պոլիէթիլենային տոպրակներ, որոնց մեջ եղել են տարբեր տրամաչափերի ադամանդանման թափանցիկ քարեր և 2 «GIA» մակնշմամբ սերտիֆիկատ: Ադամանդանման քարերի ընդհանուր քաշը կազմել է 244 գրամ։ ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության համաձայն՝ խնդրո առարկա ադամանդանման թափանցիկ քարերը մշակված բնական ադամանդներ լինելու պարագայում, դրանց արժեքը հնարավոր է գերազանցի 8,000,000 (ութ միլիոն) ՀՀ դրամը»,-նշված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
«Ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների և մշակութային արժեքների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն` մշակված բնական ադամանդներն ընդգրկված են նույն որոշմամբ սահմանված ցանկում և մաքսային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ հայտնաբերված ադամանդանման թափանցիկ քարերից միայն 29 հատի մաքսային արժեքը գերազանցել է ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածով սահմանված ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների խոշոր չափը` 8 միլիոն ՀՀ դրամը: Նշված դեպքի առթիվ կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն և փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։