Բաժիններ՝

Բայդենը Նեթանյահուի հետ քննարկել է ԱՄՆ նոր ռազմական տեղակայումները՝ Իսրայելին աջակցելու համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիտարկում է ամերիկյան նոր պաշտպանական հնարավորությունների տեղակայումը Մերձավոր Արևելքում, որտեղ իրավիճակը լարվել է Թեհրանում ՀԱՄԱՍ-ի ղեկավարի սպանությունից և Իրանի կողմից վրեժի խոստումներից հետո։ 

ԱՄՆ նախագահն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ կաջակցի Իսրայելի պաշտպանությանը, այդ թվում՝ նոր տեղակայումների միջոցով։

«Նախագահը վերահաստատել է իր հանձնառությունն Իսրայելի անվտանգությանը՝ ընդդեմ Իրանից եկող բոլոր սպառնալիքների, այդ թվում՝ պրոքսի ահաբեկչական խմբավորումների՝ ՀԱՄԱՍ-ի, Հեզբոլլահի և հութիների։ Նախագահը քննարկել է ջանքերն՝ աջակցելու սպառնալիքների, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների և անօդաչուների դեմ Իսրայելի պաշտպանությանը, որը կներառի ԱՄՆ նոր պաշտպանական ռազմական տեղակայումներ», – գրում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ 

Թե կոնկրետ ինչ նոր տեղակայումների մասին է խոսքը, ԱՄՆ նախագահը չի նշել, սակայն ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ԱՄՆ-ն 12 ռազմանավ է կենտրոնացրել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։Հեռախոսազրույցից հետո Բայդենը լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ-ն շատ մտահոգված է Մերձավոր Արևելքում լարվածության սրմամբ։ Նա ընդգծել է հրադադար կնքելու կարևորությունը՝ միևնույն ժամանակ նշելով, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությունը դրան չի նպաստում։

Իրանը խոստացել է «կոպիտ և ցավոտ» պատասխան տալ Հանիյեի սպանությանը։ Իսրայելը ո՛չ ընդունել է, ո՛չ հերքել իր առնչությունը դրան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս